Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Թանգարան–ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամներն այցելել են նաև թանգարան, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պատվիրակության ղեկավար Մանիշ Կումար Գուպտան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:



