Նիկոլ Փաշինյանի՝ Նարեկ Նալբանդյանի մասին հայտարարությունը ուշացած էր, բայց անհրաժեշտ։ Որովհետև խնդիրը վաղուց արդեն մեկ գործարարի հարստանալու պատմությունը չէ։ Խնդիրն այն է, թե ինչպե՞ս է 2018-ին օլիգարխիայի դեմ հեղափոխություն արած Հայաստանում մի քանի տարում առաջանում նոր տնտեսական կայսրություն, որի արագ ընդարձակման շուրջ անընդհատ շրջանառվում է նույն անունը՝ վարչապետի ընտանիքը ։ Որևէ ապացույց չկա, որ Նիկոլ Փաշինյանը կամ Աննա Հակոբյանը բաժնեմաս ունեն Նալբանդյանի բիզնեսներում։ Բայց դա դեռ հարցի կեսն է։ Մյուս կեսն ավելի անհարմար է. արդյո՞ք Նալբանդյանը վարչապետի ընտանիքի անունը դարձրել է տնտեսական ազդեցության գործիք ։ Նրա վերելքի արագությունն իսկապես արտասովոր է։ Սուպերմարկետներ, հյուրանոցներ, ալրաղացներ, թռչնաբուծարան, ջրի և օղու արտադրություն, ադամանդի գործարան, ոսկու հանք, սպասարկման կենտրոն, այժմ՝ ցեմենտի գործարան։ Սա արդեն հաջողակ ձեռնարկատիրոջ սովորական կենսագրություն չէ։ Սա տնտեսական ազդեցության կենտրոնի ձևավորում է։ Առավել ևս, երբ այդ ճանապարհին պարբերաբար հայտնվում են նախկին պաշտոնյաների վիճահարույց գույքեր, արտոնյալ պայմանների մասին հրապարակումներ և, ամենակարևորը, պնդումներ փոքր ու միջին բիզնեսների սեփականատերերի մասին, որոնք իբր ստիպված են եղել զիջել իրենց խանութները՝ լսելով իշխանության ամենաբարձր շրջանակների անունները։ Եթե այդ պատմությունները սուտ են՝ դրանք պետք է ջախջախել փաստերով։ Եթե ճիշտ են՝ սա արդեն պարզապես բիզնես չէ։ Սա իշխանության անվան մասնավորեցում է ։ Օլիգարխիան սկսվում է ոչ այն պահին, երբ վարչապետը բաժնեմաս է ստանում գործարարի ընկերությունում։ Այն սկսվում է շատ ավելի շուտ՝ երբ շուկան համոզվում է, որ մեկի հետևում «վերևներն» են։ Այդ պահից մրցակցությունն ավարտվում է։ Մեկը բանակցում է փողով, մյուսը՝ իշխանության ենթադրվող ստվերով։ Հին Հայաստանի օլիգարխներն էլ միշտ չէ, որ իրենց գրպանում իշխանության գրավոր լիազորագիր ունեին։ Նրանց ամենաթանկ ակտիվը ուրիշ բան էր՝ համոզմունքը, որ իրենց դեմ գնալ չի կարելի ։ 2018-ը խոստանում էր վերացնել հենց այդ համակարգը։ Այդ պատճառով Փաշինյանի հայտարարությունը պետք է ոչ թե ավարտի, այլ սկսի պատմությունը։ Վարչապետը պահանջում է պարզել՝ իր ընտանիքի անունն օգտագործվե՞լ է, թե՞ ոչ։ Շատ լավ։ Բայց քննությունը պետք է գնա մինչև վերջ՝ ոչ միայն պարզելու, թե ով է շահարկել Աննա Հակոբյանի անունը, այլև թե ինչպես է ձևավորվել Նալբանդյանի տնտեսական կայսրությունը, ինչ պայմաններում են ձեռք բերվել բիզնեսներն ու գույքերը, և եղե՞լ են մարդիկ, որոնք վաճառել են ոչ թե ազատ ընտրությամբ, այլ վախից։ Առավել ևս, որ «88»-ի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ, ըստ Գլխավոր դատախազության, նախաձեռնվել է դեռ փետրվարին։ Հետևաբար հարցը շատ պարզ է։ Կա՞ Հայաստանում նոր օլիգարխ, որը տարիներ շարունակ վաճառել է իշխանության հետ իր ենթադրվող կապը որպես բիզնես երաշխիք։ Եթե չկա՝ պետությունը պարտավոր է դա ապացուցել և վերջ տալ շահարկումներին։ Եթե կա՝ Փաշինյանն այսօր հրապարակավ ստանձնեց այն բացահայտելու քաղաքական պատասխանատվությունը։ Որովհետև հեղափոխության ամենավտանգավոր ձախողումը հին օլիգարխներին նորերով փոխարինելը չէ միայն։ Ավելի վտանգավոր է մի համակարգ ստեղծելը, որտեղ այլևս նույնիսկ իրական հովանավորություն պետք չէ. բավական է վարչապետի ընտանիքի անունը, որպեսզի դռներ բացվեն, մրցակիցները նահանջեն, իսկ սեփականատերերը վաճառեն ։ Այդ դեպքում իշխանության անունն արդեն դարձել է կապիտալ։ Իսկ ժողովրդավարական պետությունում դա կապիտալ չէ։ Դա կոռուպցիայի ամենաթանկ արժույթն է։



