Ատոմակայանը չի կարելի հանձնել նույն երաշխավորին

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը չի բացառում նոր ատոմակայանը ռուսական տեխնոլոգիայով կառուցելու հնարավորությունը, սովորական էներգետիկ դիտարկում չէ։ Այն վերաբերում է Հայաստանի առաջիկա կես դարի անվտանգությանը։ Եվ այստեղ «լավագույն գին–որակ» բանաձևը վտանգավոր չափով պարզունակ է։ Ատոմակայանը ավտոմեքենա չէ, որ այսօր գնես մեկ արտադրողից, վաղը՝ մյուսից։ Այն ընտրություն է տասնամյակների համար՝ տեխնոլոգիա, վառելիք, սպասարկում, պահեստամասեր, ծրագրային համակարգեր, մասնագետների պատրաստում, ֆինանսավորում և քաղաքական հարաբերություններ։ Ով կառուցում է ատոմակայանը, որոշ իմաստով մտնում է պետության ռազմավարական ենթակառուցվածքի ներսը։ Հայաստանն այս դասը արդեն չափազանց թանկ է սովորել։ Տասնամյակներ շարունակ մեր անվտանգության մի զգալի մասը հանձնված էր Ռուսաստանին՝ նույն տրամաբանությամբ. Մոսկվան ուներ փորձ, բանակ, ռազմաբազա, պայմանագրեր և տարածաշրջանում ազդեցություն։ 2020-ին, 2021–22-ին և 2023-ին Հայաստանը տեսավ, թե որքան վտանգավոր է կենսական նշանակության գործառույթը մեկ արտաքին կենտրոնից կախված դարձնելը։ Արցախում ռուսական խաղաղապահների ներկայությունը նույնպես ներկայացվում էր որպես անվտանգության երաշխիք։ Բայց երաշխիքը արժեք ունի միայն այնքան ժամանակ, քանի դեռ երաշխավորի շահը համընկնում է քո անվտանգության հետ։ Նոր ատոմակայանի հարցում նույն սխալը կրկնելը արդեն ոչ թե միամտություն կլինի, այլ պատմական փորձի անտեսում։ Խոսքը ռուսական միջուկային ինժեներիայի որակը ժխտելու մասին չէ։ Ռուսաստանն ունի մեծ փորձ և իրական տեխնոլոգիական կարողություններ։ Հենց դրա համար էլ խնդիրը տեխնիկական չէ։ Խնդիրը կախվածությունն է։ Ռուսաստանը երկարատև հակադրության մեջ է Արևմուտքի հետ, նրա էներգետիկ համակարգի շուրջ պատժամիջոցային ճնշումը մեծացել է, իսկ «Ռոսատոմի» համակարգի հետ կապված պաշտոնյաներ ու կառույցներ արդեն հայտնվել են արևմտյան սահմանափակումների ներքո։ Հայաստանը չի կարող այսօր վստահ իմանալ, թե 10, 20 կամ 40 տարի հետո ինչպիսի ֆինանսական, տեխնոլոգիական և լոգիստիկ սահմանափակումներ են գործելու այդ համակարգի նկատմամբ։ Իսկ ատոմակայանը կառուցվում է ոչ թե այսօրվա Ռուսաստանի, այլ նաև 2050-ականների Ռուսաստանի հետ աշխատելու հաշվարկով։ Այդ պատճառով հարցը պետք է ձևակերպել հակառակ կողմից. ոչ թե՝ «ռուսական առաջարկը կարո՞ղ է ամենաէժանը լինել», այլ՝ Հայաստանը կարո՞ղ է իրեն թույլ տալ ևս մեկ ռազմավարական կախվածություն Ռուսաստանից ։ Այս պահին Հայաստանը միաժամանակ ունի բոլորովին այլ պատուհան։ Հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցությունը դեռ 2022-ին ամրապնդվել էր համապատասխան հուշագրով, իսկ 2025-ին Վաշինգտոնն ու Երևանը հայտարարեցին 123 համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Այդպիսի համաձայնագիրը հենց այն իրավական շրջանակն է, որը թույլ է տալիս ամերիկյան միջուկային նյութերի ու սարքավորումների փոխանցում և համագործակցությունը կապում է անվտանգության ու չտարածման խիստ չափանիշների հետ։ Սա միայն ամերիկյան ռեակտոր գնելու հարց չէ։ Սա Հայաստանի էներգետիկ համակարգը տեխնոլոգիական այլ աշխարհին կապելու հնարավորություն է։ Միաժամանակ պետք է ուսումնասիրել ֆրանսիական, հարավկորեական և մյուս կենսունակ տարբերակները։ Եթե մոդուլային ռեակտորները դեռ պատրաստ չեն Հայաստանի պահանջած ժամկետներում, պետք է ընտրել հասուն այլընտրանքային տեխնոլոգիա։ Փաշինյանն այստեղ մի հարցում իրավացի է՝ Հայաստանը փորձադաշտ չպետք է լինի։ Բայց ճիշտ նույն պատճառով Հայաստանը չպետք է դառնա նաև աշխարհաքաղաքական կախվածության փորձադաշտ ։ Ավելին՝ ռուսական տարբերակից հրաժարվելը չի նշանակում վաղը անջատել գործող Մեծամորի ատոմակայանի ռուսական տեխնիկական կապերը։ Ընդհակառակը՝ անցումը պետք է լինի հաշվարկված, անվտանգ և աստիճանական։ Գործող կայանը պետք է աշխատի այնքան, որքան թույլ են տալիս անվտանգության միջազգային չափանիշները, իսկ այդ ժամանակը Հայաստանը պետք է օգտագործի հաջորդ համակարգը հնարավորինս դիվերսիֆիկացված կառուցելու համար։ Սա այն հազվադեպ որոշումներից է, որի գինը վճարելու են ոչ թե այս կառավարության անդամները, այլ նրանց երեխաները։ Փոքր պետությունների գլխավոր սխալը հաճախ եղել է նույնը՝ անկախության մի մասը փոխանակել կարճաժամկետ հարմարավետության հետ։ Հայաստանը երկար ժամանակ անվտանգության հարցում այդպես վարվեց։ Հիմա այդ սխալի հետևանքներից փորձում է դուրս գալ՝ դիվերսիֆիկացնելով արտաքին քաղաքականությունը, պաշտպանական հարաբերությունները և տնտեսական կապերը։ Անհեթեթ կլինի քաղաքական դուռը բացել դեպի Եվրոպա և Միացյալ Նահանգներ, իսկ երկրի կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքի բանալին կրկին տասնամյակներով հանձնել Մոսկվային։ Հետևաբար նոր ատոմակայանի շուրջ որոշումը պետք է դիտարկվի ոչ միայն մեգավատների ու կիլովատ-ժամի գնի, այլև ինքնիշխանության արժեքի տեսանկյունից։ Արցախի փորձից հետո Հայաստանը այլևս իրավունք չունի իր գոյության համար կենսական համակարգի անվտանգությունը կառուցել այն ենթադրության վրա, որ Ռուսաստանը միշտ կլինի հուսալի երաշխավոր։ Ռուսական տեխնոլոգիան կարող է լավ լինել։ Ռուսական առաջարկը կարող է նույնիսկ էժան լինել, բայց պետությունների պատմության մեջ ամենաթանկ գործարքները հաճախ հենց նրանք են, որոնց սկզբնական գինը ամենացածրն է։ Հայաստանի նոր ատոմակայանը պարզապես էներգիայի աղբյուր չէ։ Այն Հայաստանի ազգային անվտանգության ենթակառուցվածքն է։ Եվ այդ ենթակառուցվածքը կրկին մեկ արտաքին կենտրոնից կախված դարձնելը անթույլատրելի է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12517

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով