Հայաստանի հնդկական ռազմավարությունը: Երկար ժամանակ Հայաստանի պաշտպանական համակարգը կառուցված էր գրեթե մեկ աղբյուրի շուրջ։ Դա միայն սպառազինության կախվածություն չէր։ Դա քաղաքական կախվածություն էր, որովհետև այն պետությունը, որից կախված է քո բանակի զինումը, պահեստամասը, զինամթերքը և տեխնիկական սպասարկումը, անխուսափելիորեն ազդեցություն է ստանում նաև քո արտաքին քաղաքական որոշումների վրա։ Այդ համակարգը փլուզվեց ավելի արագ, քան Հայաստանը հասցրեց կառուցել նորը։ Հնդկաստանը դարձավ այդ անցման առաջին խոշոր այլընտրանքը։ Բայց այստեղ Հայաստանի համար կա շատ ավելի կարևոր հարց, քան հերթական հնդկական սպառազինության պայմանագիրը։ Ի՞նչ ենք մենք իրականում կառուցում Հնդկաստանի հետ։ Եթե պարզապես մեկ մատակարարին փոխարինում ենք մյուսով, Հայաստանի անվտանգության խնդիրը սկզբունքորեն չենք լուծում։ Փոխվում է կախվածության աշխարհագրությունը, բայց ոչ դրա բնույթը։ Իսկ եթե Հնդկաստանի հետ հարաբերությունը կարող ենք վերածել տեխնոլոգիայի, գիտելիքի, համատեղ արտադրության և սեփական ռազմարդյունաբերական կարողության ստեղծման, ապա խոսքը արդեն զենքի շուկան փոխելու մասին չէ։ Խոսքը Հայաստանի անվտանգության մոդելը փոխելու մասին է։ Հնդկաստանի սեփական փորձը հենց սա է ցույց տալիս։ Երկիրը, որը տասնամյակներ շարունակ աշխարհի խոշորագույն սպառազինություն ներմուծողներից էր, այսօր հետևողականորեն փորձում է յուրաքանչյուր խոշոր պաշտպանական հարաբերություն օգտագործել սեփական արդյունաբերությունը մեծացնելու համար։ Իսրայելի հետ նրա հարաբերություններն այդ քաղաքականության լավագույն օրինակներից են. գնորդ–վաճառող կապը վերածվել է տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական գործընկերության։ Հայաստանի համար կարևոր է ոչ թե կրկնօրինակել այդ ճանապարհը, այլ հասկանալ դրա տրամաբանությունը։ Փոքր պետությունը չի կարող արտադրել ամեն ինչ։ Բայց կարող է որոշել, թե պատերազմի ժամանակ որ կարևոր կարողությունների համար այլևս չի ցանկանում կախված լինել այլ երկրի քաղաքական որոշումից, սահմանների բաց լինելուց կամ մատակարարի բարի կամքից։ Այդ պատճառով երեկ Բիշքեկում կայացած Փաշինյան–Մոդի հանդիպումը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Հայաստան–Հնդկաստան հարաբերությունների իրական արժեքը վաղը չափվելու է ոչ միայն նրանով, թե որքան հնդկական զենք կա հայկական բանակում։ Այն չափվելու է նրանով, թե որքան հայկական կարողություն է ստեղծվել այդ հարաբերության շնորհիվ։ Սա արդեն սպառազինության հարց չէ միայն։ Սա ինքնիշխանության հարց է։ Եվ հենց այստեղից էլ սկսենք APRI Armenia-ում ռազմական վերլուծաբան և հետազոտող Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



