Մոսկվան փորձում է Թեհրանին հանել TRIPP-ի դեմ

Ռուսաստանը TRIPP-ի դեմ պայքարում փոխում է լեզուն։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, թե նախագիծը կարող է ամերիկացիներին հնարավորություն տալ Հայաստանի տարածքում՝ Իրանի սահմանին մոտ, տեղակայել զորքեր, մասնավոր ռազմական ընկերություններ կամ հետախուզական ենթակառուցվածք։ Հրապարակված հայ-ամերիկյան TRIPP փաստաթղթերում ամերիկյան զորքերի տեղակայում նախատեսված չէ։ Ընդհակառակը՝ շրջանակային համաձայնագիրը հատուկ արձանագրում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը նախագծի տարածքում։ Սահմանային վերահսկողությունը, մաքսային որոշումները, իրավապահ գործառույթներն ու ազգային անվտանգությունը մնում են հայկական պետության ձեռքում։ Նույնիսկ մասնավոր անվտանգության անձնակազմի հնարավոր ներգրավումը ենթակա է Հայաստանի լիցենզավորմանը։ Ուրեմն ինչո՞ւ է Մոսկվան խոսում ամերիկյան զորքերի մասին: Որովհետև TRIPP-ի շուրջ պայքարը վաղուց միայն ճանապարհի մասին չէ։ Այն Հարավային Կովկասում ազդեցության նոր ճարտարապետության մասին է։ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ Հայաստանի հաղորդակցությունները, սահմանները և անվտանգային համակարգը դիտել է իր գերակա ազդեցության տարածքի մաս։ TRIPP-ը փոխում է այդ տրամաբանությունը։ Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական հաղորդակցությունը կառուցվում է հայ-ամերիկյան գործընկերությամբ, ամերիկյան 74-տոկոսանոց մասնակցությամբ ընկերության միջոցով, բայց Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Մոսկվայի համար խնդիրը հենց սա է։ Եվ այստեղ հայտնվում է Իրանը։ Եթե Ռուսաստանը TRIPP-ը ներկայացնի պարզապես որպես Հայաստանի և ԱՄՆ-ի տնտեսական նախագիծ, Թեհրանը կարող է փորձել հարմարվել նոր իրականությանը՝ իր կարմիր գծերը պահպանելով։ Բայց եթե նախագիծը ներկայացվի որպես ամերիկյան ռազմական կամ հետախուզական ներկայություն Իրանի հյուսիսային սահմանին , հարցն անմիջապես տեղափոխվում է Իրանի ազգային անվտանգության դաշտ։ Սա արդեն բոլորովին այլ քաղաքականություն է։ Մոսկվան փաստորեն փորձում է ասել Թեհրանին. TRIPP-ը միայն Հայաստանի աշխարհաքաղաքական վերադասավորում չէ, այն նաև ձեր խնդիրն է։ Եվ այն հանգամանքը, որ ռուսական թեզն այժմ հայտնվում է իրանական տեղեկատվական դաշտում, կարևոր է հենց այդ պատճառով։ Հարավային Կովկասում ազդեցությունը կորցնող Ռուսաստանին ձեռնտու է TRIPP-ի շուրջ ձևավորել ոչ թե ռուս-ամերիկյան, այլ իրանա-ամերիկյան հակադրություն ։ Դա Մոսկվային թույլ կտար սեփական դիմադրությունը ներկայացնել ոչ թե որպես նախկին ազդեցության գոտին պահպանելու փորձ, այլ որպես տարածաշրջանային անվտանգության պաշտպանություն։ Հայաստանի պատասխանը այստեղ պետք է լինի չափազանց հստակ։ Երևանը պետք է Թեհրանին փաստաթղթերով և գործնական մեխանիզմներով ցույց տա, որ TRIPP-ը Հայաստանի տարածքում գործող հայկական իրավազորության ենթակա տնտեսական և ենթակառուցվածքային նախագիծ է , ոչ օտար ռազմական միջանցք որովհետև այս պայքարում ամենավտանգավորը ռուսական հայտարարությունը չէ։ Ամենավտանգավորը կլինի, եթե Մոսկվային հաջողվի Թեհրանին համոզել, որ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը Իրանի անվտանգության թուլացումն է։ TRIPP-ի շուրջ հաջորդ մեծ պայքարը, հետևաբար, կարող է ընթանալ ոչ թե Սյունիքի ճանապարհներին, այլ Թեհրանի ընկալումների համար և Հայաստանը պետք է այդ պայքարում առաջինը խոսի, ո րովհետև եթե Երևանը չբացատրի Թեհրանին, թե ինչ է TRIPP-ը, Մոսկվան կշարունակի բացատրել, թե ինչից Իրանը պետք է վախենա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12676

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով