Մարտի 1-ի գործով 18 տարի անց քրեական հետապնդում է սկսվել այն ժամանակվա ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Գրիգոր Գրիգորյանի՝ «Շերիֆի» նկատմամբ։ Սա հերթական անունը չէ Մարտի 1-ի անվերջ թվացող քրեական տարեգրության մեջ։ Գրիգորյանը այն գիշեր ոստիկանության զորքերի հրամանատարն էր։ Եվ Դատախազությունն այսօր պնդում է, որ հենց նա՝ անմիջականորեն և ենթակա հրամանատարների միջոցով, հրամայել է ԿՍ-23 կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել «Չերյոմուխա-7» արցունքաբեր նռնակներ։ Արդյունքում, ըստ մեղադրանքի, երեք մարդ զոհվել է, երկուսը ծանր, մեկը՝ միջին ծանրության վնասվածք ստացել։ Այդ երեք զոհերի անունները վաղուց հայտնի են՝ Գոռ Քլոյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան ։ Հայտնի է նաև, որ կիրառվել է 56 «Չերյոմուխա-7»։ Դեռ Փաստահավաք խմբի ուսումնասիրություններում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը բացատրում էր, որ այդ միջոցը նախատեսված էր փակ տարածքների համար և չէր կարելի կրակել մարդու կամ ամբոխի ուղղությամբ։ Արձանագրվել էր նաև, որ կիրառմանը նախորդող պարտադիր նախազգուշացում չի եղել։ Ուրեմն հարցը վաղուց միայն այն չէր, թե ով կրակեց ։ Հարցն էր՝ ով հրամայեց կրակել ։ 2023-ին երեք ոստիկանների նկատմամբ վարույթը փակվեց վաղեմության պատճառով։ Ստացվեց Մարտի 1-ի ամբողջ ողբերգությունը բնորոշող աբսուրդներից մեկը. պետությունը տարիներ անց արդեն ասում էր, թե ինչ միջոցից են զոհվել երեք քաղաքացիները, բայց պատժի հարցը հասել էր վաղեմության պատին։ Այժմ քննությունը հասել է հրամանատարին, բայց հենց այստեղ է առաջանում հաջորդ ծանր հարցը։ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը հարուցվել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հոդվածով։ Մինչդեռ նույն Դատախազության նկարագրությամբ նա ոչ միայն չի ապահովել պատշաճ վերահսկողություն, այլև հրամայել է ցուցարարների ուղղությամբ կիրառել փակ տարածքների համար նախատեսված, ժամկետանց և ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ։ Այդ հակադրությունը պետք է իրավական շատ համոզիչ բացատրություն ստանա, որովհետև հրամանատարական պատասխանատվությունը պետության մեջ հենց դրա համար գոյություն ունի։ Գեներալի ուսադիրները միայն հրաման տալու իրավունք չեն։ Դրանք առաջին հերթին պատասխանատվություն են այդ հրամանի հետևանքի համար։ Գրիգորյանն ինքը 2012-ին ասում էր, որ Մարտի 1-ին շատ բան է արել արյունահեղությունը կանխելու համար և դժգոհում էր, որ իրեն դարձրել են «Մարտի 1-ի դեմք»։ Նույն ժամանակահատվածում նա ԲՀԿ-ից մտավ քաղաքականություն, ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր։ Այստեղ է Մարտի 1-ի ամենամռայլ քաղաքական խորհրդանիշներից մեկը։ Հայաստանում պետական բռնության հնարավոր պատասխանատվությունը երկար տարիներ ոչ միայն չէր ավարտում կարիերան։ Այն երբեմն ընդամենը նախորդում էր քաղաքական կարիերային։ Մարտի 1-ի բացահայտումը, հետևաբար, տասը առանձին սպանությունների քննություն չէ։ Պետք է վերականգնվի ամբողջ հրամանատարական շղթան ՝ ով որոշեց ուժ կիրառել, ով ինչ հրաման տվեց, ով ընտրեց միջոցները, ով վերահսկեց դրանց կիրառումը և ով հետո պատասխանատու էր կատարվածի քննության համար, որովհետև պետությունը մարդկանց չի սպանում վերացականորեն։ Կան որոշումներ, հրամաններ, ստորագրություններ, հրամանատարներ և կատարողներ։ Տասնութ տարի անց Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարևոր է այնքանով, որքանով այն կարող է այդ շղթայով շարժվել դեպի վեր։ Մարտի 1-ը բացահայտված կլինի ոչ այն ժամանակ, երբ գտնվի վերջին կրակող ոստիկանը, այլ երբ Հայաստանը վերջապես պատասխանի գլխավոր հարցին՝ ով տվեց կրակելու հրամանը և ով էր պատասխանատու դրա հետևանքների համար։



