Կահիրեի քրեական դատարանը եգիպտացի հեռուստահաղորդավարուհի և պրոդյուսեր Սառա Խալիֆային, ինչպես նաև ևս 11 մեղադրյալի դատապարտել է կախաղանի միջոցով մահապատժի՝ թմրանյութերի արտադրության գործով։ Այս մասին հայտնել է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով «Ալ-Ահրամ» թերթին։ Նրանք մեղավոր են ճանաչվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու համար, որը զբաղվել է սինթետիկ թմրանյութերի արտադրության համար օգտագործվող նյութերի ներմուծմամբ և ապօրինի շրջանառությամբ։ Դատավճիռը հրապարակվել է մեղադրյալների ներկայությամբ և կայացվել է դատավորների կոլեգիայի միաձայն որոշմամբ՝ հանրապետության գլխավոր մուֆթիի եզրակացությունն ստանալուց հետո։ Դատարանը ևս 9 մեղադրյալի դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ 7-ին՝ արդարացրել։ Ընդհանուր առմամբ՝ գործով անցել է 28 մարդ։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալները ստեղծել են հանցավոր կազմակերպություն, որը զբաղվել է սինթետիկ թմրանյութերի արտադրությամբ և իրացմամբ։ Նրանք արտերկրից ներմուծել են անհրաժեշտ հումքը և դերեր բաշխել խմբի անդամների միջև․ մի մասը զբաղվել է հումքի ձեռքբերմամբ, իսկ մյուսները՝ թմրանյութերի արտադրությամբ և տարածմամբ։ Թմրանյութերը պահվել և արտադրվել են բնակելի տանը։ Ընդհանուր առմամբ՝ առգրավվել է ավելի քան 750 կիլոգրամ սինթետիկ թմրանյութ և դրանց արտադրության համար նախատեսված հումք։



