Երբ չհարուցված քրեական հետապնդման գինը նկատողությունն է

Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Շիրակի և Սյունիքի մարզերի երկու դատախազներ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել՝ մինչդատական վարույթի նկատմամբ ոչ պատշաճ հսկողության և հանցանքի հատկանիշների առկայության պայմաններում քրեական հետապնդում չհարուցելու համար։ Մեկը ստացել է խիստ նկատողություն, մյուսը՝ նկատողություն։ Այս հաղորդագրության մեջ ամենակարևոր բառը «նկատողությունը» չէ։ Ամենակարևոր ձևակերպումն այն է, որ երկու դատախազներ, հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում, քրեական հետապնդումներ չեն հարուցել։ Մեկը ստացել է խիստ նկատողություն, մյուսը՝ նկատողություն։ Այստեղ արդեն հարց է առաջանում՝ իսկ ո՞ր խախտման համար է դատախազը կորցնում պաշտոնը։ Դատախազը սովորական պետական ծառայող չէ։ Նրա ստորագրությունից կարող է կախված լինել՝ հանցագործությունը կքննվի՞, մեղավորը կհայտնվի՞ դատարանում, տուժողը կստանա՞ արդարադատություն։ Երբ այդ լիազորությունը չի իրականացվում, հետևանքը կարող է լինել ոչ թե վարչական անհարմարություն, այլ չկայացած արդարադատություն։ Հենց այդ պատճառով Շիրակի և Սյունիքի դեպքերը պետք չէ ներկայացնել որպես դատախազության ներքին կարգապահական առօրյա։ Եթե պաշտոնական հաղորդագրությունն ինքն է արձանագրում, որ եղել են հանցանքի մասին վկայող փաստեր, բայց քրեական հետապնդում չի հարուցվել, հասարակությունը իրավունք ունի իմանալ՝ ո՞ր գործերի մասին է խոսքը, ինչո՞ւ հետապնդում չի հարուցվել, ո՞ւմ նկատմամբ, ինչ հետևանք է ունեցել այդ անգործությունը և արդյո՞ք այսօր այդ սխալը շտկված է։ Առանց այդ պատասխանների «խիստ նկատողությունը» կարող է թվալ ոչ թե պատասխանատվություն, այլ համակարգի ինքնապաշտպանություն։ Իրավական պետությունը կառուցվում է ոչ միայն այն պահին, երբ դատախազությունը հետապնդում է քաղաքացուն։ Այն կառուցվում է հատկապես այն պահին, երբ պետությունը նույն խստությամբ գնահատում է հետապնդում չիրականացրած դատախազին։ Դատախազության ներսում խախտումը բացահայտելը դրական փաստ է։ Բայց ինքնավերահսկողությունը արժեք ունի միայն այն ժամանակ, երբ պատիժը համարժեք է խախտման ծանրությանը, իսկ հասարակությունը հասկանում է՝ ինչ է իրականում տեղի ունեցել։ Հակառակ դեպքում ստացվում է վտանգավոր բանաձև. քաղաքացու համար հանցանքը կարող է ավարտվել քրեական գործով, իսկ դատախազի համար՝ այդ նույն հանցանքի հետապնդումը չիրականացնելը՝ նկատողությամբ։ Արդարադատությունը չի կարող ունենալ երկու պատասխանատվության չափանիշ՝ մեկը նրանց համար, ում դատում են, մյուսը՝ նրանց համար, ովքեր պետք է դատեն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12573

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով