Պատերազմի միջոցով «խաղաղություն» պարտադրելու գործում Դոնալդ Թրամփի հետ աշխարհում ոտք է գցում մեկ էլ Նիկոլ Փաշինյանը: Բայց Թրամփին չեն զեկուցել, որ ի տարբերություն իր` աքսիոմորոնային արտաքին քաղաքականության, Փաշինյանի վարածը ներքին քաղաքականություն է ու շատ ավելի խորամանկ։ Դրանով «խաղաղությունը» պարտադրվում է ոչ թե այլ երկրների ռեժիմներին, այլ սեփական քաղաքացիներին: Թրամփն ու Փաշինյանը, բացի սեփական հավասարակշռության հետ ունեցած խորը կոնֆլիկտից, նման են նաև « պատերազմ » և « խաղաղություն » հասկացությունների հետ խաղալու ավանտյուրիզմով : Մեկը ` այլ երկրների ռմբահարելով ` սպառնում է քաղաքակրթություններ վերացնել։ Մյուսը՝ հայտարարելով, թե սեփական բանակը միայն շքերթ բեմադրելու համար է, ու սեփական ոտքից բացի, այլ ուղղությամբ չի կրակի՝ սպառնում է, որ իրեն չընտրելու դեպքում կկրակեն այլ բանակներից։ Մասնավորապես այն բանակից, որից պաշտպանվելու համար Հայաստանն ունեցել է զինված ուժեր և քառորդ դար դրանցով ապահովել է նաև Արցախի անվտանգությունը։ Բայց Փաշինյանը Հայաստանում ոչ միայն ադրբեջանական սպառնալիքների փոխանցողն է, այլև այդ երկրի քաղաքականությունն իրականացնողը՝ ամենաուղիղ և ամենաբովանդակ իմաստով։



