Հայաստանի խաղաղապահ բրիգադում ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի առաջին մակարդակի ինքնագնահատումը առաջին հայացքից ռազմական տեխնիկական իրադարձություն է։ Իրականում այն շատ ավելի մեծ գործընթացի փոքր, բայց կարևոր ցուցիչ է։ Պարզ ասած՝ հայկական ստորաբաժանումը ստուգում է՝ որքանով է պատրաստ աշխատել ՆԱՏՕ-ի բանակների կանոններով և նրանց հետ միասին ։ Operational Capabilities Concept Evaluation and Feedback՝ OCC E&F համակարգը ստեղծվել է ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ստորաբաժանումները դաշինքի ուժերի հետ փոխգործունակ դարձնելու համար։ Առաջին մակարդակում գնահատվում է հենց փոխգործունակությունը՝ պատրաստություն, կազմակերպում, հրամանատարություն, ընթացակարգեր, սարքավորումներ և այլ չափանիշներ։ Դրանից հետո գալիս է ՆԱՏՕ-ի գնահատումը, իսկ երկրորդ մակարդակում արդեն քննվում է ստորաբաժանման՝ առաջադրանքն ամբողջությամբ կատարելու կարողությունը։ Սա ՆԱՏՕ-ին անդամակցություն չէ և այդպիսի քաղաքական որոշում չի նշանակում, բայց սա բանակի լեզվի փոփոխություն է ։ Հայկական բանակը տասնամյակներ շարունակ կառուցվել է խորհրդային և հետխորհրդային ռազմական համակարգի տրամաբանությամբ՝ ռուսական սպառազինություն, ռուսական կրթություն, ռուսական կանոնագրքեր և Ռուսաստանի շուրջ կառուցված անվտանգության համակարգ։ Այդ մոդելի սահմանափակումները Հայաստանը տեսավ պատերազմի և դրան հաջորդած անվտանգության ճգնաժամերի ընթացքում։ Հետևաբար այսօր կարևոր է ոչ միայն այն, թե Հայաստանը Ֆրանսիայից, Հնդկաստանից կամ այլ երկրներից ինչ զենք է գնում։ Բանակի իրական վերափոխումը սկսվում է շատ ավելի խորքում՝ ինչպես է ստորաբաժանումը հրաման ստանում, ինչպես է պլանավորում գործողությունը, ինչպես է հաղորդակցվում, ինչպես է կազմակերպում լոգիստիկան և ինչպես է համագործակցում այլ բանակների հետ ։ Այդ պատճառով ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրումը կարող է երկարաժամկետ առումով ավելի կարևոր լինել, քան առանձին սպառազինության գնումը։ Չեխիայի հետ պաշտպանական համագործակցության խորացումը, Ֆրանսիայի հետ ռազմական կապերը, ԱՄՆ-ի հետ վարժանքները և այժմ ՆԱՏՕ-ի չափանիշներով կարողությունների գնահատումը նույն մեծ պատկերի տարբեր հատվածներն են։ Հայաստանը աստիճանաբար դիվերսիֆիկացնում է ոչ միայն իր զենքի աղբյուրները։ Փոխվում է հայկական բանակի ռազմական մշակույթը ։ Իհարկե, մեկ խաղաղապահ բրիգադի գնահատումից ամբողջ բանակի ՆԱՏՕ-ականացման մասին խոսելը վաղ է։ OCC գործընթացը կարող է տարիներ տևել, իսկ դրա իրական արժեքը կախված է նրանից՝ փորձը կմնա՞ մեկ ընտրված ստորաբաժանման սահմաններում, թե՞ տարածվելու է զինված ուժերի ավելի լայն համակարգի վրա։ ՆԱՏՕ-ն ինքն էլ նշում է, որ որոշ գործընկերներ OCC-ն օգտագործում են հենց որպես իրենց պաշտպանական ուժերի վերափոխման ռազմավարական գործիք։ Հենց սա է Հայաստանի համար գլխավոր հնարավորությունը։ Նպատակը չպետք է լինի պարզապես ունենալ մի բրիգադ, որը կարող է ՆԱՏՕ-ի ստորաբաժանման կողքին ծառայել խաղաղապահ առաքելությունում։ Նպատակը պետք է լինի այդ չափանիշներից լավագույնը տեղափոխել ամբողջ բանակ՝ հրամանատարությունից մինչև սերժանտական համակարգ, կապից մինչև լոգիստիկա, պատրաստությունից մինչև մարտական կառավարում, որովհետև բանակի աշխարհաքաղաքական ուղղությունը որոշվում է ոչ միայն նրանով, թե ումից է այն զենք գնում ։ Այն որոշվում է նաև նրանով, թե ինչ չափանիշներով է սովորում պատերազմել ։



