Հայաստանի կապիտալի շուկայում տարօրինակ բան է կատարվում։ Որոշ հայկական բանկերի պարտատոմսերը ներդրողին ավելի քիչ եկամուտ են առաջարկում, քան նույն ժամանակահատվածում մարվող Հայաստանի պետական պարտատոմսերը։ Առաջին հայացքից կարելի է նույնիսկ հպարտանալ․ մի՞թե շուկան ԱԿԲԱ-ին, Ինեկոբանկին կամ այլ հայկական բանկերին պետությունից ավելի վստահելի է համարում։ Հավանաբար՝ ոչ։ KK Partners-ի նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս ավելի հետաքրքիր խնդիր՝ Հայաստանում պարտատոմսի գինը միշտ չէ, որ ամբողջությամբ արտացոլում է դրա ռիսկը ։ Օրինակ՝ 2031-ին մարվող Հայաստանի եվրոպարտատոմսի եկամտաբերությունը մոտ 5.85% է, մինչդեռ ԱԿԲԱ-ի համադրելի թողարկումներից մեկինը՝ ընդամենը 4.51%։ Տարբերությունը հասնում է 134 բազիսային կետի։ Սովորական շուկայական տրամաբանությամբ հակառակը պիտի լիներ։ Պետությունը տվյալ երկրի «վերջին վճարողն» է՝ հարկեր է հավաքում, պարտք է ներգրավում և իր արժույթով տնտեսական քաղաքականություն վարում։ Բանկը, որքան էլ առողջ լինի, առանձին ընկերություն է և սովորաբար պետական պարտքի նկատմամբ լրացուցիչ ռիսկի համար պետք է ներդրողին ավելի բարձր , ոչ թե ավելի ցածր եկամտաբերություն առաջարկի։ Հայկական շուկան որոշ դեպքերում այդ տրամաբանությունը շրջում է գլխիվայր, բայց առավել հետաքրքիր է միջազգային համեմատությունը։ Հետազոտության տվյալներով՝ որոշ հայկական բանկերի դոլարային պարտատոմսերը նույնիսկ ավելի ցածր եկամտաբերություն ունեն, քան JPMorgan-ի, Bank of America-ի կամ Morgan Stanley-ի համադրելի թողարկումները։ Դժվար է պնդել, թե միջազգային կապիտալը հայկական բանկի վարկային ռիսկը գնահատում է ավելի ցածր, քան JPMorgan-ինը։ Ավելի հավանական բացատրությունը շուկայի կառուցվածքն է։ Հայաստանում պարտատոմսերի երկրորդային շուկան դեռ փոքր է, իրացվելիությունը՝ սահմանափակ, իսկ ամենակարևորը՝ գրեթե բացակայում են այն մեխանիզմները, որոնցով զարգացած շուկաները պատժում են սխալ գինը։ Ուոլ Սթրիթում նման անհամապատասխանությունը երկար չէր ապրի։ Արբիտրաժորդը կգներ էժան ակտիվը, կվաճառեր թանկը, և այդ գործարքների ճնշումը գները կմոտեցներ տնտեսական տրամաբանությանը։ Երևանում այդ «ուղղիչ մեքենան» դեռ ամբողջությամբ չկա։ Կարճ վաճառքի, ածանցյալների և զարգացած արբիտրաժային գործիքների սահմանափակությունը նշանակում է, որ շուկան կարող է սխալվել և ամիսներով չստանալ իր սխալը շտկելու ազդակը։ Հենց սա է KK Partners-ի հեգնական «անվճար ճաշը Երևանում», բայց տնտեսագիտության ամենահայտնի կանոններից մեկն ասում է՝ անվճար ճաշ գոյություն չունի ։ Եթե այն թվում է անվճար, սովորաբար ինչ-որ տեղ թաքնված գին կա։ Հայաստանի դեպքում այդ գինը կապիտալի շուկայի թերզարգացածությունն է և սա շատ ավելի կարևոր խնդիր է, քան մի քանի պարտատոմսերի եկամտաբերությունը։ Հայաստանը ցանկանում է տնտեսությունը դարձնել ավելի ներդրումային, ֆինանսավորել ենթակառուցվածքներ, տեխնոլոգիական ընկերություններ, էներգետիկա և աճող բիզնեսներ։ Այդ ամենը միայն բանկային վարկերով հնարավոր չէ։ Հասուն տնտեսությանը պետք է կապիտալի խոր շուկա, որտեղ ռիսկն ունի գին, գինը՝ տրամաբանություն, իսկ սխալ գինը՝ իրեն ուղղող մեխանիզմ։ Հետևաբար հաջորդ ֆինանսական բարեփոխումը կարող է շատ ավելի ձանձրալի հնչել, քան նոր ճանապարհ կամ գործարան կառուցելը՝ կարճ վաճառքի, ածանցյալ ֆինանսական գործիքների, շուկա ձևավորող մեխանիզմների և իրացվելիության զարգացում ։ Բայց ժամանակակից տնտեսության ենթակառուցվածքը միայն ճանապարհը, երկաթուղին կամ էլեկտրացանցը չեն։ Գինը նույնպես ենթակառուցվածք է։



