Կենտրոնի բանտախցից Գագիկ Ծառուկյանը գրել է ազատության մասին։ Նրա համար ազատությունը ընտանիքն է, ընկերները, ամեն առավոտ շինհրապարակ գնալը, մարդկանց օգնելը, երեկոյան մեկ բաժակ կոնյակի շուրջ Հայաստանի խնդիրները քննարկելը։ Եվ, ինչպես ինքն է ձևակերպում՝ «իմ երկրում ինչ-որ բան կառուցելն» ու «աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելը»։ Մարդկայնորեն՝ հասկանալի նկարագրություն է, բայց Հայաստանի ամենահարուստ և տասնամյակներ շարունակ ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի դեպքում ազատության մասին խոսակցությունն անխուսափելիորեն բերում է մեկ այլ բառի՝ պատասխանատվություն ։ Ծառուկյանը կալանքի տակ է ծանր մեղադրանքներով։ Իրավապահները նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ։ Քննության վարկածով՝ նրա ղեկավարած խումբը իրանական ընկերություններից հափշտակել է տրանսպորտային միջոցներ, տեխնիկա և ապրանք՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։ Պաշտպանությունը մեղադրանքները մերժում է և գործը համարում քաղաքական հետապնդում։ Ո՞վ է ճիշտ՝ պետք է որոշի անկախ դատարանը, բայց Ծառուկյանի շուրջ կա ավելի մեծ հարց, քան այս քրեական գործը։ 2023-ից նա և ընտանիքի անդամները ներգրավված են նաև ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթում։ Պետության պահանջների ցանկում տասնյակ անշարժ գույքեր ու ավտոմեքենաներ են, բազմաթիվ ընկերությունների բաժնեմասեր և հարյուրավոր միլիոն դոլարների պահանջ։ Ծառուկյանը պնդում է, որ իր ունեցվածքը ստեղծել է օրինական աշխատանքով։ Այստեղ նույնպես վերջնական խոսքը դատարանինն է, բայց հենց այստեղ Ծառուկյանի գրառման «կառուցել» բառը ստանում է քաղաքական երկրորդ իմաստը։ Անկախությունից ի վեր Հայաստանի խոշոր հարստությունների մի զգալի մասը ձևավորվեց մի ժամանակաշրջանում, երբ իշխանությունը, փողը և ուժը հաճախ նույն համակարգի տարբեր անուններն էին ։ Սեփականաշնորհումը միշտ չէ, որ ստեղծում էր մրցակցային սեփականատեր. այն նաև վերաբաշխում էր նախկին հանրային ունեցվածքը ազդեցիկ շրջանակների միջև։ Մենաշնորհները պաշտպանվում էին քաղաքական կապերով, իսկ հարկային ու մաքսային համակարգերի խստությունը բոլորի համար նույնը չէր։ Այդ միջավայրում ծնվեց հայկական քրեաօլիգարխիան։ Օլիգարխը պարզապես շատ հարուստ մարդ չէր։ Նա փոքր պետություն էր պետության ներսում՝ բիզնես կայսրությամբ, քաղաքական ներկայացուցչությամբ, տեղական ազդեցության ցանցով, թիկնազորով և սոցիալական հովանավորչությամբ։ Գործարարը մտնում էր խորհրդարան, տնտեսական ուժը վերածում քաղաքական ազդեցության, քաղաքական ազդեցությամբ պաշտպանում բիզնեսը, իսկ ընտրությունների ժամանակ այդ ամբողջ մեքենան վերածվում էր քվեների։ Այսպես տեղի էր ունենում իշխանության զավթում՝ հարստությունը գնում էր ազդեցություն, ազդեցությունը պաշտպանում էր հարստությունը։ Գագիկ Ծառուկյանը այդ դարաշրջանի ամենախոշոր և տեսանելի խորհրդանիշներից մեկն է։ Բայց սա միայն Ծառուկյանի հարցը չէ, սա Հայաստանի երեսուն տարվա պատմության հարցն է։ Հենց այդ պատճառով նրա այսօրվա քրեական գործը չպետք է վերածվի ո՛չ քաղաքական վրեժխնդրության, ո՛չ էլ անցյալի նկատմամբ ընտրովի արդարադատության։ Իրավական պետությունը չի կարող մարդուն դատապարտել այն պատճառով, որ նա հարուստ է, ազդեցիկ կամ նախկին իշխանությունների հետ սերտ հարաբերություններ է ունեցել։ Եթե մեղադրանքը չի ապացուցվում՝ մարդը պետք է արդարացվի։ Բայց նույն իրավական պետությունը չի կարող ընդունել նաև հակառակ բանաձևը՝ որ բարեգործությունը, կառուցած շենքերը, ստեղծած աշխատատեղերը կամ հասարակական հեղինակությունը փոխարինում են սեփականության ծագման և հնարավոր հանցագործությունների վերաբերյալ պատասխաններին։ Բարեգործությունը իրավական անձեռնմխելիություն չէ։ Ծառուկյանը մեջբերում է Սողոմոն Իմաստունի մատանու խոսքերը՝ «Սա էլ կանցնի»։ Այո՛, կալանքը կանցնի։ Դատարանը վաղ թե ուշ պետք է որոշի՝ հիմնավորվո՞ւմ են մեղադրանքները, թե՞ ոչ, բայց չպետք է առանց պատասխանի անցնի շատ ավելի մեծ հարցը՝ ինչպե՞ս հետխորհրդային Հայաստանում ստեղծվեց մի համակարգ, որտեղ քաղաքական իշխանության կողքին աճեցին մասնավոր տնտեսական իշխանություններ՝ երբեմն պետության հետ մրցելու չափ ուժեղ ։ Եթե նոր Հայաստանը ցանկանում է իսկապես տարբերվել հնից, պատասխանը պետք է տրվի ոչ վրեժով և ոչ քաղաքական հրահանգով։ Միայն դատարանում՝ ապացույցներով, հրապարակայնորեն և բոլորի համար նույն օրենքով, որովհետև ազատությունը միայն ընտանիքի հետ լինելու, շինհրապարակ գնալու կամ երեկոյան մեկ բաժակ կոնյակ խմելու իրավունքը չէ։ Ազատությունը նաև այն պետությունն է, որտեղ ոչ ոք բանտ չի գնում իշխանության ցանկությամբ, բայց ոչ ոք էլ իր հարստության չափով չի ազատվում օրենքի հարցերից։



