Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հայկ Կոնջորյանն արժևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները, տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Խոսելով խորհրդարանական փոխգործակցությունից՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կձևավորվեն բարեկամական խմբերը, այդ թվում` Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խումբը։ Հայկ Կոնջորյանն անդրադարձել է նորընտիր խորհրդարանում կառավարող ուժի գործունեության օրակարգին և առաջնահերթություններին, կարևորել ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը: Դեսպանը շնորհավորել է Հայկ Կոնջորյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Անդրեա Բարբարա Բաումանը նշել է, որ Շվեյցարիան շարունակում է աջակցել Հայաստանում բարեփոխումների օրակարգին՝ ամրապնդելու ժողովրդավարական գործընթացները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։



