Ագրեսիան սկսվում է դպրոցից

Էջմիածնի թիվ 9 դպրոցում 12 և 13 տարեկան երկու աշակերտ վիճել են, փոխադարձ հարվածներ հասցրել և մարմնական վնասվածքներ ստացել։ Պատմությունը հայտնի է դարձել գրեթե պատահաբար՝ ոստիկանները մոտակայքում էին և լսել են վիճաբանությունը։ Իսկ քանի՞ նման պատմություն է ամեն օր մնում դպրոցի պատերի ներսում։ Խնդիրը երկու երեխաների կռիվը չէ։ Երեխաները վիճում են բոլոր հասարակություններում։ Խնդիրն այն միջավայրն է, որտեղ երեխան կարող է աստիճանաբար սովորել, որ ուժը հեղինակություն է, նվաստացումը՝ կարգապահություն, լռելը՝ արժանապատվություն, իսկ օգնություն խնդրելը՝ «գործ տալ» ։ Այստեղ է սկսվում դպրոցից բանակ տանող ճանապարհը։ Բանակում 18 տարեկան զինվորը հանկարծ չի հայտնագործում «լավ տղայի», «հեղինակության», ստորացնելու, լռեցնելու կամ թույլի նկատմամբ ուժ գործադրելու կանոնները։ Նա զորամաս է տանում այն սոցիալական վարքը, որը տարիներով տեսել և սովորել է ընտանիքում, բակում, դպրոցում ու ընկերական միջավայրում։ Զորամասը հաճախ պարզապես խտացնում է այն, ինչ դպրոցն ու հասարակությունն արդեն ձևավորել են։ Դպրոցում դա կարող է կոչվել կռիվ կամ բուլինգ։ Բանակում նույն տրամաբանությունը դառնում է ոչ կանոնադրական հարաբերություն՝ ով է «ուժեղը», ով պետք է ենթարկվի, ով իրավունք ունի մյուսին նվաստացնելու, և ինչու տուժողը չպետք է դիմի հրամանատարին։ Այս շղթայի ծայրում երբեմն արդեն քրեական գործ է, ծանր վնասվածք, սպանություն կամ ինքնասպանություն, հետևաբար բանակում բռնության դեմ պայքարը միայն պաշտպանության նախարարության գործը չէ։ Այն սկսվում է առաջին դասարանից ։ Դպրոցը չափազանց երկար գնահատել է երեխային հիմնականում այն հարցով, թե ինչ գիտի։ Պետք է նույն լրջությամբ հարցնել՝ ինչպիսի՞ մարդ է նա դառնում։ Կարողանո՞ւմ է վեճ լուծել առանց բռունցքի։ Կարողանո՞ւմ է պաշտպանել թույլին։ Գիտի՞, որ օգնություն խնդրելը մատնություն չէ։ Հասկանո՞ւմ է, որ հեղինակությունը ուրիշին վախեցնելու կարողությունը չէ։ Սա ապագա զինվորի և քաղաքացու պատրաստությունն է, ո րովհետև քրեական ենթամշակույթը հակապետություն է։ Այն նույնպես ունի իր «օրենքը», հեղինակությունները, պատժի համակարգը և լռության կանոնը։ Պետությունն ասում է՝ օրենքին դիմիր։ Քրեական ենթամշակույթն ասում է՝ «ինքդ հարցդ լուծիր»։ Պետությունն ասում է՝ բոլորը հավասար են։ Այն ասում է՝ ուժեղն ավելի շատ իրավունք ունի։ Եվ երբ այդ երկու համակարգերը հանդիպում են զորամասում, զինվորական կանոնադրության դեմ հաճախ կանգնում է արդեն տասնյակ տարիներով ձևավորված փողոցային կանոնադրությունը։ Դրա համար Էջմիածնի երկու երեխաների պատմությունը փոքր լուր չէ։ Այն հիշեցում է, որ բանակի միջավայրը սկսում ենք կառուցել բանակից տարիներ առաջ՝ դպրոցում ։ Եթե ուզում ենք 18 տարեկանում երիտասարդին սովորեցնել, որ ծառայակիցը նվաստացման օբյեկտ չէ, դա պետք է սովորեցնենք 12 տարեկանում՝ երբ նրա կողքին դեռ ոչ թե հրամանատարն է, այլ ուսուցիչը։ Բանակը վերջում ստանում է այն երիտասարդին, որին տարիներ շարունակ ձևավորել են ընտանիքը, դպրոցն ու հասարակությունը։ Հետևաբար անվտանգ բանակ կառուցելու առաջին զորամասերից մեկը դպրոցն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12960

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով