Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Ան Գյու Բեկը հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների միջև երկխոսությունը կվերսկսվի։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Ես մեծ հույս ունեմ, որ նախագահ Թրամփի և հյուսիսկորեացի ղեկավար Կիմ Չեն Ընի միջև երկխոսությունը պտուղներ կտա, չնայած զանազան դժվարություններին», – ասել է Ան Գյու Բեկը Սեուլում կայացած «Սեուլի պաշտպանության երկխոսություն» հարթակի առաջին լիագումար նիստի ժամանակ։ Նա նշել է, որ Հարավային Կորեայի կառավարությունը կշարունակի պայմաններ ստեղծել Փհենյանի հետ երկխոսության համար։ Որպես օրինակ նախարարը նշել է Հյուսիսային Կորեայի ուղղությամբ տեղադրված բարձրախոսների ապամոնտաժումն ու դրանց աշխատանքի դադարեցումը և Պեկմա բարձունքի շրջանում զոհվածների մասունքների որոնման աշխատանքների վերսկսումը։ Նրա կարծիքով՝ զսպումը և երկխոսությունը պետք է ընթանան ձեռք ձեռքի տված։ «Խաղաղության չի կարելի հասնել միայն ռազմական հզորության ամրապնդման հաշվին», – հավելել է նա։



