Երբ Մոսկվան չի նկատում իր իսկ հիշողության ոչնչացումը

Շուշիում ոչնչացվել է հին հայ-ռուսական գերեզմանատունը։ Caucasus Heritage Watch-ի հրապարակած տվյալներով՝ այնտեղ կային միջնադարյան հայկական խաչքարեր և 1810-1871 թվականների առնվազն 35 հայկական ու ռուսական տապանաքարեր՝ ռուս զինվորականների, բժիշկների և վարչական պաշտոնյաների գերեզմաններով։ Առաջին հայացքից սա հայկական մշակութային ժառանգության ոչնչացման արդեն ծանոթ պատմության հերթական դրվագն է, բայց այս անգամ բուլդոզերը անցել է նաև Ռուսաստանի սեփական պատմության վրայով ։ Եվ հենց այստեղ Մոսկվայի լռությունը դառնում է պատմության ամենախոսուն մասը՝ Արցախում վերջին տարիներին ոչնչացվել կամ վնասվել են ոչ միայն հայկական եկեղեցիներ, գերեզմանոցներ, խաչքարեր ու հուշարձաններ։ Փաստագրված են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ կռված և զոհված արցախցիների հիշատակին նվիրված բազմաթիվ խորհրդային հուշարձանների ոչնչացման դեպքեր։ Բերձորում հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում գտնվող Երկրորդ համաշխարհայինի խորհրդային հուշարձանը։ Աստղաշենում ոչնչացվել է նացիստական Գերմանիայի դեմ պատերազմում զոհված համագյուղացիների հուշահամալիրը։ Թալիշում ոչնչացվել է Երկրորդ համաշխարհայինին նվիրված հուշահամալիրը։ Ազոխում՝ Երկրորդ համաշխարհայինի և Արցախյան պատերազմի հուշարձանները։ Մեծ Թաղերում ոչնչացվել է նաև Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի՝ Սերգեյ Խուդյակովի կիսանդրին։ Այս շարքը շարունակվել է նաև Վանքում, Մարտակերտում և այլ բնակավայրերում։ Այսինքն՝ Արցախում ջնջվում է ոչ միայն հայկական հիշողությունը։ Ջնջվում է նաև այն պատմությունը, որը Մոսկվան սեփական պետական գաղափարախոսության ամենասրբազան մասերից մեկն է դարձրել՝ Հայրենական մեծ պատերազմը և ֆաշիզմի դեմ հաղթանակը ։ Եվ այստեղ առաջանում է մի անհարմար հարց՝ ո րտե՞ղ է Ռուսաստանի ԱԳՆ-ն։ Տարիներ շարունակ բավական էր Լեհաստանում, Լատվիայում, Էստոնիայում, Չեխիայում կամ Ուկրաինայում խորհրդային զինվորի որևէ արձանի ապամոնտաժում կամ վանդալիզմ, որպեսզի Մոսկվան արձագանքեր ամենաբարձր մակարդակով։ Ռուսաստանի պաշտոնական բառապաշարում նման քայլերը ներկայացվել են որպես պատմության վերաշարադրում, ֆաշիզմի դեմ հաղթանակի հիշողության պղծում և ռուսատյացություն։ Մոսկվայի համար խորհրդային զինվորի հուշարձանը վաղուց պարզապես քար չէ։ Այն դարձել է արտաքին քաղաքականության և պատմական հիշողության պաշտպանության գործիք, բայց Արցախում նույն հիշողության ոչնչացման նկատմամբ գործում է բոլորովին այլ չափանիշ։ Այստեղ ոչնչացվել են հենց այն մարդկանց հուշարձանները, որոնք նույն Կարմիր բանակի կազմում կռվել են նույն նացիստական Գերմանիայի դեմ։ Եվ Մոսկվան լռում է։ Աստղաշենի դեպքը հատկապես խոսուն է։ Երբ այնտեղ ոչնչացվեց Երկրորդ համաշխարհայինում զոհված տեղացիներին նվիրված հուշարձանը, CivilNet-ը մեկնաբանություն խնդրեց Ռուսաստանի՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում դեսպանություններից։ Պատասխան չստացավ։ Այս լռությունը դժվար է բացատրել պատմական հիշողության նկատմամբ անտարբերությամբ։ Ռուսաստանը չափազանց հետևողական է արձագանքում նման դեպքերին աշխարհի այլ հատվածներում։ Հետևաբար խնդիրը հիշողությունը չէ, Խնդիրը քաղաքական նպատակահարմարությունն է։ Երբ խորհրդային զինվորի հուշարձանը քանդվում է մի երկրում, որի հետ Մոսկվան քաղաքական հակամարտության մեջ է, դա «պատմության դեմ պատերազմ» է։ Երբ նույն պատերազմի հերոսների հուշարձանները ոչնչացվում են Ադրբեջանում, որի հետ Ռուսաստանը փորձում է պահպանել ռազմավարական հարաբերություններ, պատմական հիշողությունը հանկարծ կորցնում է արտաքին քաղաքական արժեքը։ Շուշիի հայ-ռուսական գերեզմանատունն այդ երկակի չափանիշը դարձնում է գրեթե կատարյալ։ Այստեղ արդեն հնարավոր չէ ասել, թե ոչնչացվել է միայն «հայկական ժառանգություն», ոչնչացվել են նաև ռուս զինվորականների գերեզմանները։ Երկու դար առաջ ռուս զինվորականները Շուշիում թողել էին իրենց անունները։ Այսօր վերացվում են նրանց գերեզմանները, իսկ այն պետությունը, որն աշխարհով մեկ իրեն հռչակում է ռուսական պատմական հիշողության պաշտպան, առայժմ չի դարձնում դա քաղաքական խնդիր։ Սա նաև Հայաստանին ուղղված կարևոր դաս է։ Պետությունների արտաքին քաղաքականության մեջ պատմական հիշողությունը հաճախ պաշտպանվում է ոչ այնքան այն պատճառով, որ սուրբ է, որքան այնքան ժամանակ, քանի դեռ օգտակար է։ Արցախի հայերը դա չափազանց թանկ գնով սովորեցին։ Նրանք ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տվեցին՝ ակնկալելով Ռուսաստանի հետ կապն ամրացնել։ Ռուս խաղաղապահները չպաշտպանեցին Արցախը։ Նրանք նրա կազմաքանդմանը մասնակցեցին նաև իրենց անգործությամբ։ Հիմա ոչնչացվում են նաև Արցախի այն հուշարձանները, որոնք փառաբանում էին Ռուսաստանի համար գրեթե սրբազան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը։ Եվ Ռուսաստանը չի պաշտպանում նույնիսկ իր սեփական պատմական հիշողությունն Արցախում , ուստի Շուշիի գերեզմանատան պատմությունը գերեզմանների մասին չէ միայն։ Այն բացահայտում է շատ ավելի մեծ իրողություն՝ երբ հիշողությունը դադարում է ծառայել աշխարհաքաղաքական շահին, Մոսկվայի համար այն կարող է դադարել նաև «սրբազան» լինելուց, և երբ ռուս զինվորի հուշարձանը քաղաքականապես պաշտպանվում է բալթյան երկրներում, բայց անտեսվում Արցախում, արդեն պարզ է՝ պաշտպանվում է ոչ այնքան պատմությունը, որքան ազդեցությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով