ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Ցուցակման խորհրդանշական զանգը հնչել է սեպտեմբերի 8-ին, իսկ ՎԶԵԲ-ի պարտատոմսերի առևտուրը Հայաստանի ֆոնդային բորսայում կմեկնարկի նույն օրը։ Արարողությանը մասնակցել և խորհրդանշական զանգը հնչեցրել են Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը, ՎԶԵԲ-ի մշտական գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան և Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը։ Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը նշել է․ «ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում կարևոր իրադարձություն է մեր կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից։ Միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցի կողմից նման գործիքի թողարկումն ու դրա հասանելիությունը տեղական շուկայում նպաստում են ֆինանսական շուկայի խորացմանը, տեղական արժույթով ֆինանսավորման գործիքակազմի ընդլայնմանը և ներդրողների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ Կոնվերս Բանկը կարևորում է իր մասնակցությունը նման նախաձեռնություններին և շարունակելու է աջակցել Հայաստանի ֆինանսական էկոհամակարգի զարգացմանը»։ Հայաստանում ՎԶԵԲ-ի մշտական գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան նշել է․ «ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի հաջող թողարկումն ու ցուցակումը վկայում են Հայաստանի ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների և տնտեսական հեռանկարների նկատմամբ մեր շարունակական վստահության մասին։ Տեղական արժույթով կապիտալի շուկաների զարգացումը ՎԶԵԲ-ի առանցքային առաջնահերթություններից է, քանի որ այն նպաստում է խնայողություններն արդյունավետ ներդումների ուղղելուն, ընդլայնում է բիզնեսի ֆինանսավորման հնարավորությունները և ամրապնդում տնտեսության դիմակայունությունը։ Մենք շնորհակալ ենք Կոնվերս Բանկին և Հայաստանի ֆոնդային բորսային՝ այս գործարքը շուկա բերելու հարցում համագործակցության համար և ակնկալում ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ Հայաստանի կապիտալի շուկաների հետագա խորացման ուղղությամբ»։ Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը նշել է․ «Ուրախ ենք ողջունելու ՎԶԵԲ-ի՝ տեղական արժույթով թողարկված պարտատոմսերի մուտքը Հայաստանի ֆոնդային բորսա։ ՎԶԵԲ-ը երկար տարիներ Հայաստանի՝ տեղական արժույթով կապիտալի շուկայի զարգացման կարևոր գործընկերներից է։ Նոր թողարկումը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի շուկայական ենթակառուցվածքների նկատմամբ վստահության և տեղական արժույթով պարտատոմսերի շուկայի զարգացման ներուժի մասին։ Այս պարտատոմսերի ցուցակումը դիտարկում ենք որպես ևս մեկ կարևոր քայլ՝ Հայաստանում առավել խոր, բազմազան և միջազգային շուկաներին ինտեգրված կապիտալի շուկա ձևավորելու ճանապարհին»: ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում՝ աճուրդի միջոցով։ Կոնվերս Բանկը հանդես է եկել որպես թողարկման տեղաբաշխող ՝ ապահովելով ողջ գործընթացը։ Թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 5 մլրդ ՀՀ դրամ, տոկոսադրույքը լողացող է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, արժեկտրոնների վճարումները՝ կիսամյակային։ Մանրամասն՝ 010 511 211, conversebank.am Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով