Հայ–թուրքական հարաբերությունները մտնում են մի փուլ, երբ սահմանը դեռ փակ է, բայց սահմանից այն կողմ քաղաքական ու տնտեսական իրականությունն արդեն փոխվում է։ Կարս–Գյումրի երկաթուղին վերադարձել է օրակարգ, ուղիղ առևտրի իրավական խոչընդոտները նվազում են, թուրք գործարարները գալիս են Երևան։ Բայց սա միայն հայ–թուրքական կարգավորման պատմություն չէ։ Թուրքիան միաժամանակ խորացնում է ռազմավարական դաշինքն Ադրբեջանի հետ, մրցակցում և համագործակցում է Իրանի հետ, պահպանում առանձնահատուկ հարաբերություններ Ռուսաստանի հետ և, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, նույնիսկ քննարկում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը լիիրավ անդամակցությունը։ Էրդողանը Բիշքեկում Պուտինի հետ խոսում է նոր միջուկային նախագծերի մասին, իսկ Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը նահանջում է և ամերիկյան ներկայությունն աճում։ Այս նոր աշխարհագրության կենտրոնում հաղորդակցություններն են՝ Միջին միջանցքը, Կարս–Գյումրին, Նախիջևանը, TRIPP-ը և ճանապարհը դեպի Կենտրոնական Ասիա։ Ուստի գլխավոր հարցն այլևս միայն այն չէ, թե ե՞րբ կբացվի հայ–թուրքական սահմանը։ Հարցն այն է՝ ինչպիսի՞ Հարավային Կովկաս է կառուցում Թուրքիան, և այդ նոր համակարգում Հայաստանը հարևա՞ն է, գործընկե՞ր, տարանցիկ տարածք, թե՞ ինքնուրույն ռազմավարական դերակատար։ Այս մասին այսօր խոսում ենք թուրքագետ Նելլի Մինասյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



