Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների մասին սովորաբար խոսում ենք բարեկամության, պատմական հարևանության և ընդհանուր տարածաշրջանի լեզվով։ Բայց աշխարհաքաղաքականության մեջ ամենակայուն բարեկամությունը ճանապարհն է։ 2026-ի հունվար-հուլիսին Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղիղ չվերթներով ուղևորահոսքն աճել է 36 տոկոսով։ Այսօր վրացական երկու միջազգային օդանավակայաններից Երևան իրականացվում է շաբաթական 12 չվերթ, իսկ Բաթումում արդեն քննարկվել է նաև Քութայիսի-Երևան կանոնավոր երթուղին։ Միաժամանակ օրակարգում են երկաթուղին, էներգետիկան, առևտուրն ու զբոսաշրջությունը։ 36 տոկոսը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև շարժը դառնում է ավելի խիտ, իսկ աշխարհագրությունը՝ ավելի արժեքավոր։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի համար Վրաստանը հիմնականում դեպի Սև ծով և արտաքին աշխարհ տանող ելք էր։ Այդ կախվածությունը հաճախ ընկալվել է որպես թուլություն։ Բայց տարածաշրջանի քարտեզը փոխվում է։ Վրաստանը մեծ ներդրումներ է անում իր օդանավակայանների և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մեջ, այդ թվում՝ Քութայիսիում, որտեղ կառուցվում է 3.6 կիլոմետրանոց նոր թռիչքուղի՝ խոշոր բեռնատար և ուղևորատար օդանավեր ընդունելու համար։ Հայաստանն իր հերթին փորձում է TRIPP-ի միջոցով դուրս գալ երկարամյա փակուղուց և դառնալ ոչ թե ճանապարհների վերջնակետ, այլ դրանց հանգույց։ Հենց այստեղ է Հայաստան–Վրաստան հարաբերությունների նոր իմաստը։ Եթե TRIPP-ը գործի, Հայաստանը կարող է կապել Կասպից ավազանը, Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիան Թուրքիայի և ավելի լայն արևմտյան շուկաների հետ։ Բայց այդ նույն Հայաստանը հյուսիսում արդեն կապված է վրացական ճանապարհներին, երկաթուղուն և Սև ծովի նավահանգիստներին։ Այս երկու ուղղությունները մրցակից չեն։ Հակառակը՝ միասին կարող են Հայաստանը մտցնել այն մեծ տրանսպորտային համակարգի մեջ, որը ձևավորվում է Սև ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև։ Փոքր պետության աշխարհաքաղաքական ուժը միշտ չէ, որ բանակների չափով է որոշվում։ Երբեմն այն չափվում է նրանով, թե քանի կարևոր ճանապարհ է անցնում նրա տարածքով և քանի պետության համար է այդ ճանապարհը անհրաժեշտ։ Պատմության մեջ առևտրային քաղաքները հաճախ ավելի երկար կյանք են ունեցել, քան կայսրությունները։ Վենետիկի ուժը տարածքի մեծությունը չէր, Սինգապուրինը՝ բանակը չէ։ Նրանց ուժը այն էր, որ աշխարհը ստիպված էր անցնել նրանց միջով։ Հայաստանի նպատակը նույնպես պետք է լինի հենց դա՝ դառնալ անցնելու համար անհրաժեշտ պետություն ։ Այդ դեպքում վրացական նավահանգիստը, հայկական երկաթուղին, Քութայիսի–Երևան չվերթը կամ Սյունիքով անցնող ճանապարհը առանձին նախագծեր չեն լինի։ Դրանք մեկ տնտեսական աշխարհագրության մաս կդառնան։ Սակայն այստեղ կա նաև վտանգ։ Տարանցիկ պետություն լինելը ինքնաբերաբար հարստություն չի ստեղծում։ Եթե Հայաստանը միայն ճանապարհ տրամադրի, իսկ լոգիստիկան, ապահովագրությունը, պահեստավորումը, ֆինանսավորումն ու առևտրային ծառայությունները կազմակերպվեն ուրիշ տեղ, մենք կստանանք երթևեկություն՝ առանց իրական տնտեսական վերափոխման։ Ուստի խնդիրը ճանապարհներ բացելը չէ միայն։ Պետք է ճանապարհների շուրջ կառուցել տնտեսություն։ Հայաստան-Վրաստան ուղևորահոսքի 36 տոկոսանոց աճը փոքր, բայց խոսուն նշան է։ Մարդիկ արդեն ավելի արագ են շարժվում, քան քաղաքական քարտեզները։ Հիմա պետությունների խնդիրն է չուշանալ այդ շարժից։ Հարավային Կովկասի ապագան կարող է որոշվել ոչ միայն նրանով, թե որտեղ են անցնում սահմանները, այլև նրանով, թե որ սահմաններով են անցնում ճանապարհները։



