Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստից հետո մի նախադասություն ասաց, որը Հայաստանի էներգետիկ քաղաքականության համար կարող է ավելի կարևոր լինել, քան գազի հերթական սակագինը․ եթե հնարավոր լինի գազ բերել երկրորդ աղբյուրից կամ այնտեղից ավելի մեծ ծավալ ստանալ, Հայաստանը գնալու է այդ ճանապարհով։ Սա գազի մասին հայտարարություն է միայն առաջին հայացքից։ Իրականում խոսքը Հայաստանի՝ սեփական արտաքին քաղաքական ընտրությունների համար տնտեսական ազատություն ստեղծելու մասին է։ Հայաստանը 2025 թվականին սպառել է մոտ 2.7 միլիարդ խորանարդ մետր ներկրվող բնական գազ։ Դրանից շուրջ 2.23 միլիարդը եկել է Ռուսաստանից, մոտ 476 միլիոնը՝ Իրանից՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով։ Այսինքն՝ ռուսական գազի բաժինը Հայաստանի ներմուծման մեջ ավելի քան 82 տոկոս է։ Այդ կախվածությունը տասնամյակներ շարունակ ներկայացվել է որպես առավելություն։ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարել եվրոպական շուկայական գներից զգալիորեն ցածր գնով։ Դեռ մայիսին Կրեմլը հիշեցրեց այդ տարբերությունը՝ այն կապելով Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հետ։ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ռուսական ինտեգրացիոն համակարգում Հայաստանը ստանում է «արտոնյալ» գին, որը այլ ինտեգրացիոն միավորումների մասնակիցների համար հասանելի չի լինի։ Այս մի նախադասության մեջ ամփոփված է Հայաստանի երեք տասնամյակի էներգետիկ խնդիրը։ Երբ էներգիայի գինը կապվում է երկրի արտաքին քաղաքական ընտրության հետ, տնտեսական հարաբերությունն արդեն վերածվում է քաղաքական լծակի։ Մայիսին այդ տրամաբանությունն արդեն ստացավ գրավոր ձև։ Հայաստանը հաստատեց, որ ստացել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը՝ 2013 թվականի գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման արտոնյալ պայմանների վերաբերյալ համաձայնագրի հնարավոր դադարեցման մասին՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման շարունակման դեպքում։ Այսինքն՝ գազի գնի շուրջ վեճն այլևս միայն էներգետիկա չէ։ Այն արտաքին քաղաքականության մասին է, և այստեղ Փաշինյանի «երկրորդ տեղից գազ բերելու» ձևակերպումն իրականում ավելի կարևոր է, քան այն հարցը, թե ռուսական գազը վաղը կարժենա 165, 177 թե 200 դոլար, որովհետև ինքնիշխանության համար վճռորոշ թիվը երբեմն ոչ թե գազի գինն է, այլ մատակարարների թիվը։ Բայց ռուսական գազին այլընտրանք գտնելը դեռ չի նշանակում ռուսական էներգետիկ կախվածությունից դուրս գալ։ «Գազպրոմ Արմենիան» ռուսական «Գազպրոմի» 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է և Հայաստանի գազափոխադրման համակարգի օպերատորը։ Այսինքն՝ կարելի է փոխել գազի ծագումը և չփոխել այն համակարգը, որով այդ գազը հասնում է սպառողին։ Սա է դիվերսիֆիկացիայի իրական սահմանը։ Եթե վաղը Հայաստանը կարողանա Իրանից ավելի շատ գազ ստանալ, իսկ հետագայում՝ այլ աղբյուրներից ևս, բայց ներմուծումը, փոխադրումը, պահեստավորումը և բաշխումը շարունակում են կախված մնալ մեկ կորպորատիվ համակարգից, ապա փոխվել է մատակարարը, բայց ամբողջությամբ չի փոխվել կախվածության կառուցվածքը։ Դիվերսիֆիկացիայի նպատակը մատակարար փոխելը չէ ՝ ն պատակը ընտրելու կարողություն ստեղծելն է։ Այդ ընտրությունը կարող է ունենալ նաև գին։ Ռուսական գազը դեռ կարող է մնալ Հայաստանի համար տնտեսապես ամենաշահավետ



