Չիպեր կարելի է գնել, մտածողություն՝ ոչ

Հարգարժան Տիգրան Ջրբաշյանն իր վերջին գրառումներով ուշադրությունս հրավիրեց մի խնդրի վրա, որի կողքով անցնել հնարավոր չէ։ PISA 2025-ի Հայաստանի արդյունքները երկրի ապագա մրցունակության մասին ահազանգ են։ PISA-ն 15-ամյա երեխաների գիտելիքների և կարողությունների միջազգային գնահատման ծրագիր է։ Այն ավելի շատ ստուգում է ոչ թե այն, թե երեխան ինչ է հիշում դպրոցական ծրագրից, այլ՝ կարողանո՞ւմ է իր գիտելիքը կիրառել իրական և անծանոթ իրավիճակում ՝ հասկանալ տեքստը, վերլուծել, տրամաբանել և խնդիր լուծել։ Մեր 15-ամյա երեխաներից մաթեմատիկայի և բնագիտության նվազագույն բազային մակարդակին հասնում է 28 տոկոսը, ընթերցանության դեպքում՝ ընդամենը 19 տոկոսը։ Հաշվողական խնդիրների լուծման ցուցանիշով Հայաստանը 354 միավորով երրորդն է վերջից հրապարակված արդյունքներ ունեցող երկրների ու տնտեսությունների շարքում։ Սա ծրագրավորում իմանալու քննություն չէ։ Չափվում է՝ երեխան կարո՞ղ է հասկանալ նոր խնդիրը, այն բաժանել քայլերի, աշխատել տեղեկատվության հետ, փորձարկել լուծումներ և հասնել արդյունքի։ Այսինքն՝ չափվում է հենց այն մտածողությունը, որի վրա մենք ուզում ենք կառուցել Հայաստանի AI-ի, ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ապագան։ Եվ այստեղ հակասությունը դաժան է՝ մենք խոսում ենք GPU-ներից, տվյալների կենտրոններից, արհեստական բանականությունից և տեխնոլոգիական հանգույց դառնալուց, բայց չիպեր կարելի է գնել , մ տածողություն՝ ոչ ։ Կարելի է կառուցել դպրոցներ, գնել համակարգիչներ, վերազինել դասարաններ, բայց եթե չենք չափում՝ այդ ամենից հետո երեխան ավելի լավ կարդո՞ւմ է, վերլուծո՞ւմ է, խնդիր լուծո՞ւմ է, ապա չափում ենք ոչ թե կրթության արդյունքը, այլ ծախսված գումարը։ Պետությունը պետք է վերջապես հարցնի ոչ միայն՝ քանի դպրոց կառուցեցինք, այլ՝ ինչ է փոխվ ում երեխայի մտածողության, կարողության , աշխարհընկալման մեջ ։ TIMSS-ը մաթեմատիկայի և բնագիտության միջազգային հետազոտություն է, որը ցույց է տալիս՝ երեխան որքանով է յուրացրել դպրոցում սովորածը։ Սովորաբար գնահատվում են 4-րդ և 8-րդ դասարանների աշակերտները։ Այս հետազոտության արդյունքներով Հայաստանի տարրական դասարանների աշակերտները մաթեմատիկայից համեմատաբար լավ դիրքերում էին։ Բայց PISA-ում, որտեղ գնահատվում են արդեն 15-ամյա երեխաները և պարզվում է՝ որքանով են նրանք կարողանում սովորածը կիրառել իրական խնդիրների լուծման ժամանակ , Հայաստանի պատկերը շատ ավելի թույլ է։ Կարևոր է մի բան հստակ ասել․ TIMSS-ը և PISA-ն նույն երեխաներին չեն գնահատել, հետևաբար սխալ կլինի պնդել, թե նույն սերունդը տարրական դպրոցից հետո վատացել է, բայց հիմնական հարցը մնում է նույնը՝ ինչո՞ւ է մեր կրթական համակարգը տարրական փուլում ունեցած համեմատական առավելությունը հետագայում չի կարողանում պահպանել և վերածել իրական մտածողության ու խնդիր լուծելու կարողության ։ Խնդիրը որտե՞ղ է՝ դասագրքո՞ւմ, ուսուցչի պատրաստվածությա՞ն, գնահատման համակարգի՞, թե՞ այն դպրոցական մշակույթի մեջ, որտեղ երեխային հաճախ ավելի շատ սովորեցնում ենք հիշել պատրաստի պատասխանը, քան ինքնուրույն մտածել, հարց տալ և լուծում գտնել։Սա այլևս միայն կրթության նախարարության խնդիրը չէ, սա տնտեսական անվտանգության խնդիր է։ Այսօրվա 15-ամյա երեխան 2035-ին լինելու է Հայաստանի ինժեները, բժիշկը, ձեռնարկատերը, պետական ծառայողը կամ ընտրողը։ Եթե նա չի կարողանում հասկանալ բարդ տեքստը և լուծել անծանոթ խնդիրը, ապա բարձր տեխնոլոգիական տնտեսության մասին մեր բոլոր ծրագրերը կարող են մնալ գեղեցիկ ենթակառուցվածք՝ առանց համապատասխան մարդկային կապիտալի։ Մենք կարող ենք կառուցել ապագայի շենքը։ Բայց եթե չկառուցենք մտածող մարդուն, այդ շենքում արժեքը ուրիշներն են ստեղծելու։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13019

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով