Մեղրիի գործը և ՏԻՄ ընտրությունների առաջին ահազանգը

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ձերբակալությունը պետք է դիտել ոչ միայն որպես մեկ կաշառքի գործ, այլ որպես շատ ավելի լուրջ ահազանգ՝ ինչ է կատարվում տեղական իշխանության մակարդակում ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթով ձերբակալվել է ութ անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը։ Մամուլում, միաժամանակ, շրջանառվում է վարկած, որ գործը կարող է կապված լինել Տերտերասարի ոսկու հանքի շուրջ երկու տարի ենթադրյալ ապօրինի շահագործման և պաշտոնյաների հնարավոր կաշառման հետ։ Սա դեռ քննությամբ ապացուցված չէ, բայց եթե հաստատվի, հարցն արդեն միայն այն չէ, թե ով է կաշառք տվել և ով՝ ստացել։ Հարցն այն է՝ պետական քանի օղակ պետք է լռեր կամ չտեսներ, որպեսզի նման գործունեությունը երկար ժամանակ շարունակվեր ։ Հանքը հնարավոր չէ թաքցնել։ Այն ունի տեխնիկա, աշխատողներ, ճանապարհ, հանքաքարի տեղափոխում, բնապահպանական հետևանքներ, հարկային ու համայնքային հարաբերություններ։ Եթե այս ամբողջն իսկապես գործել է ապօրինի, ապա մենք գործ ունենք ոչ թե մի առանձին պաշտոնյայի, այլ հնարավոր տեղական կոռուպցիոն ցանցի հետ՝ բիզնես, համայնքային իշխանություն, վերահսկող մարմիններ։ Սա հատկապես կարևոր է առաջիկա տեղական ընտրությունների ֆոնին։ ՏԻՄ ընտրությունները սովորաբար ներկայացվում են որպես «տեղական» քաղաքականություն՝ ճանապարհ, աղբահանություն, մանկապարտեզ, համայնքային բյուջե, բայց իրականում համայնքապետը տնօրինում կամ ազդում է հողի, գույքի, շինարարության, տեղական բիզնեսի, թույլտվությունների և պետական ծրագրերի վրա։ Սխալ մարդուն այդ իշխանությունը տալը նշանակում է նրան տալ ոչ միայն պաշտոն, այլև տեղական տնտեսական և վարչական մեծ լծակներ ։ Հենց դրա համար էլ Մեղրիի ձերբակալությունը պետք է ՏԻՄ ընտրություններից առաջ դառնա շատ պարզ դաս։ Համայնքները պետք է պաշտպանել ոչ միայն վատ կառավարիչներից, այլ այն մարդկանցից, որոնք կարող են համայնքը վերածել անձնական ազդեցության, բիզնես շահերի և ոչ թափանցիկ պայմանավորվածությունների տարածքի։ Այստեղ կարևոր է նաև քաղաքական ուժերի պատասխանատվությունը։ Խաչատուր Անդրեասյանը ժամանակին մտել է քաղաքականություն Սամվել Բաբայանի «Ազատական» ուժի միջոցով, հետո անցել է «Քաղաքացիական պայմանագիր»։ Սա ինքնին ոչ մեկի քրեական պատասխանատվությունը չի առաջացնում, բայց առաջացնում է քաղաքական հարց՝ ինչպե՞ս են կուսակցությունները ընտրում մարդկանց, որոնց հետո վստահում են համայնքներ ։ Առաջիկա ՏԻՄ ընտրությունների գլխավոր խնդիրը հենց սա պետք է լինի։ Ոչ միայն՝ ով ում կհաղթի, այլ՝ ինչպիսի մարդկանց ենք տալիս համայնքի հողը, բյուջեն, գույքը և վարչական իշխանությունը ։ Մեղրիի գործը դեռ քննվում է։ Բայց նրա քաղաքական դասը արդեն պարզ է։ ՏԻՄ ընտրությունը միայն քաղաքապետ ընտրելը չէ։ Դա որոշում է՝ համայնքը օրենքո՞վ է կառավարվելու, թե՞ մարդկանց ու կապերի միջոցով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12878

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով