Տարբեր խախտումներ թույլ տված մոտ 100 հազար միգրանտ է Ռուսաստանից արտաքսվել մեկուկես տարվա ընթացքում, ևս շուրջ 200 հազար օտարերկրացու համար սահմանափակվել է մուտքը երկիր։ Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳ նախարարության ղեկավարի տեղակալ, օտարերկրյա քաղաքացիների քաղաքացիության և գրանցման ծառայության պետ Անդրեյ Կիկոտը։ «Արտաքսման դեպքերը 2,6 անգամ ավելացել են։ Արդյունքում՝ մենք արտաքսել ենք շուրջ 100 հազար մարդու, որոնցից 75 հազարին՝ հարկադրաբար», – ասել է Կիկոտը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ կանխարգելիչ աշխատանքների արդյունքում ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայության ստորաբաժանումների կողմից արգելվել է Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել 197 հազար օտարերկրացու, որոնք խախտել են երկրի օրենսդրությունը։ Ընդհանուր առմամբ, մեկուկես տարվա ընթացքում ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտել է 800 հազար օտարերկրացի:



