Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ՀՀ-ում նշանակված Պակիստանի Իսլամական Հանրապետության առաջին դեսպան Շաֆքատ Ալի Խանին (նստավայրը՝ Աբու Դաբի)։ ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախարար Միրզոյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր դիվանագիտական առաքելության իրականացման գործում։ Ընդգծվել է Հայաստանի և Պակիստանի միջև երկկողմ օրակարգը զարգացնելու կարևորությունը և այդ հարցում երկուստեք առկա քաղաքական պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել այդ նպատակով նախանշված քայլերին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Ավելի վաղ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել էր դեսպան Շաֆքատ Ալի Խանին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել էր, որ Հայաստանի և Պակիստանի միջև 2025թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ ՄԱԿ կանոնադրության սկզբունքների հիման վրա, երկու երկրների կառավարությունների կողմից կարևոր քաղաքական որոշում էր: Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ երկկողմ իրավապայմանագրային բազայի ձևավորման միջոցով: Նախարարի տեղակալը ներկայացրել էր Հայաստանի Հանրապետության բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը և տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման գործում ՀՀ մոտեցումները:



