Հայաստանի վարչապետի և Սամվել Կարապետյանի միջև քաղաքական հակամարտությունն այժմ տեղափոխվել է դատարան։ Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է երեք միլիոն դրամ և հրապարակային ներողություն՝ վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։ Փաշինյանն իր հերթին Կարապետյանի դեմ երկու հայց ունի՝ ընդհանուր 12 միլիոն դրամի պահանջով։ Վեճի առարկաները նույնպես ժամանակակից Հայաստանի քաղաքական լեզվին համապատասխան են՝ Կանադայի առանձնատուն, հալյուցինացիաներ առաջացնող սնկեր և փոխադարձ վիրավորանքներ։ Առաջին հայացքից սա քաղաքական կյանքի զավեշտալի լուսանցք է։ Իրականում՝ բավական լուրջ պատմություն պետության մասին։ Ժողովրդավարության մեծ նվաճումներից մեկն այն է, որ իշխանությունն ու հարստությունը վեճը լուծում են դատարանում, ոչ թե ուժով։ Եվրոպան դարեր է ծախսել այն համակարգը կառուցելու համար, որտեղ թագավորն ու մեծահարուստը, կառավարիչն ու նրա հակառակորդը վերջապես հանդիպում են նույն դատավորի առաջ։ Այդ իմաստով այն փաստը, որ Հայաստանի վարչապետն ու երկրի ամենահարուստ գործարարներից մեկը միմյանց դեմ հայցեր են ներկայացնում, ինքնին վատ նորություն չէ։ Խնդիրը, սակայն, դատարան հասած վեճը չէ, այլ հանրային քաղաքականության այն որակը, որն ի վերջո այդ վեճը հասցրել է դատարան ։ Երբ վարչապետի և միլիարդատիրոջ հանրային բանավեճի բառապաշարը կառուցվում է սնկերի, «փչացածության աստիճանի» և անձնական վիրավորանքների շուրջ, դատարանն արդեն զբաղվում է ոչ այնքան քաղաքական վեճով, որքան քաղաքական մշակույթի հետևանքներով։ Հատկապես՝ իշխանություն ունեցողի համար։ Վարչապետի խոսքը սովորական քաղաքացու ֆեյսբուքյան գրառում չէ։ Պետության ղեկավարի բառերն ունեն ինստիտուցիոնալ կշիռ։ Դրանք լսում են պետական համակարգը, ներդրողները, դիվանագետները և օտարերկրյա մայրաքաղաքները։ Երբ իշխանության առաջին դեմքի լեզուն իջնում է անձնական վիրավորանքի մակարդակի, պետության հեղինակությունն էլ ակամա ներքաշվում է այդ վեճի մեջ։ Բայց նույն չափանիշը պետք է գործի նաև միլիարդատիրոջ նկատմամբ։ Հարստությունը քաղաքական անձեռնմխելիություն չէ։ Եթե վարչապետի վերաբերյալ հրապարակայնորեն տարածվում են պնդումներ Կանադայում առանձնատան կամ հալյուցինոգեն նյութերի օգտագործման մասին, դրանց հեղինակը նույնպես պետք է պատրաստ լինի դատարանում ապացուցելու իր ասածը։ Ժողովրդավարության առավելությունը հենց այն է, որ ոչ վարչապետի պաշտոնը և ոչ միլիարդատիրոջ կարողությունը չպետք է փոխարինեն ապացույցին։ Այս պատմության քաղաքական ենթատեքստը, սակայն, ավելի մեծ է։ Սամվել Կարապետյանն այսօր պարզապես գործարար չէ։ Նրա շուրջ ձևավորված քաղաքական հակադրությունը, եկեղեցական ճգնաժամը և իշխանության հետ բաց հակամարտությունը նրան դարձրել են ավելի լայն քաղաքական դիմակայության մասնակից։ Հետևաբար վարչապետի և Կարապետյանի յուրաքանչյուր անձնական փոխհրաձգություն անմիջապես դառնում է նաև պետական իշխանության և քաղաքականացված մեծ կապիտալի հարաբերությունների մասին պատմություն։ Ժողովրդավարական պետությունում կառավարությունը չի կարող որոշել, թե որ գործարարն իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, բայց գործարարն էլ չի կարող իր տնտեսական հզորությունը վերածել պետության նկատմամբ արտոնյալ քաղաքական իշխանության։ Փողը չպետք է վախենա իշխանությունից, իշխանությունը չպետք է վախենա փողից՝ երկուսն էլ պետք է վախենան օրենքից։ Հենց այդ պատճառով այս դատավարությունները կարևոր են շատ ավելի, քան երեք կամ տասներկու միլիոն դրամը։ Եթե դատարանը կարողանա առանց քաղաքական ճնշման պարզել՝ որտեղ է եղել փաստ, որտեղ՝ զրպարտություն, որտեղ՝ վիրավորանք, և նույն չափանիշը կիրառել թե՛ վարչապետի, թե՛ նրա ազդեցիկ հակառակորդի նկատմամբ, Հայաստանը փոքր, բայց կարևոր ինստիտուցիոնալ հաղթանակ կունենա։ Իսկ եթե դատական գործընթացը ընկալվի որպես քաղաքական հակամարտության շարունակություն այլ միջոցներով, վնասը կկրի առաջին հերթին դատարանի նկատմամբ հանրային վստահությունը ։ Կարապետյանը կարող է ստանալ իր երեք միլիոնը։ Փաշինյանը՝ իր տասներկուսը։ Երկուսն էլ կարող են ստիպել մյուսին ինչ-որ բան հերքել կամ ներողություն խնդրել, բայց Հայաստանի քաղաքականությանը ավելի թանկ բան է անհրաժեշտ՝ լեզվի վերադարձ պատասխանատվության սահմաններ ։ Փոքր պետությունները հատկապես չեն կարող իրենց թույլ տալ քաղաքականությունը վերածել անվերջ անձնական պատերազմի։ Հայաստանը փորձում է վերակառուցել իր անվտանգության համակարգը, ներգրավել օտարերկրյա կապիտալ, նոր շուկաներ բացել և աշխարհաքաղաքական կախվածությունները նվազեցնել։ Այդ պետության քաղաքական վերնախավը չի կարող հանրային տարածքը զբաղեցնել սնկերի շուրջ բանավեճով։ Դատարանը գուցե որոշի՝ ով ում պետք է ներողություն խնդրի, բայց քաղաքականության դատավճիռն արդեն պարզ է. երբ երկրի ամենահզոր մարդիկ միմյանց հետ խոսելու համար փաստարկների փոխարեն վիրավորանք են ընտրում, երեք միլիոն դրամը ամենափոքր կորուստն է։ Ամենամեծ կորուստը հանրային խոսքի արժեզրկումն է։



