Կառավարությունը 20,4 մլն դրամ ֆինանսավորում կհատկացնի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։ «Սպորտի ոլորտի կառավարման բարեփոխումը չի կարող ընթանալ առանց թվայնացման պատշաճ գործընթացի և կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրման, որոնք նաև ոլորտային քաղաքականությունը կդարձնեն փաստահեն և տվյալահեն»,- զեկուցելով հարցը` նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա ընդգծմամբ՝ Կառավարությունը հետևողական քաղաքականություն է իրականացնում սպորտի զարգացման ուղղությամբ՝ առաջնորդվելով ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ։ Նախարարի խոսքով՝ ներկայում սպորտի ոլորտում միասնական տվյալների շտեմարան և կառավարման տեղեկատվական համակարգ չկա։ Արդյունքում` ձևավորվող տեղեկատվությունը հաճախ մասնակի է, թերի կամ ժամանակին չի թարմացվում, ինչն ազդում է տվյալների ամբողջականության և հավաստիության վրա։ Միաժամանակ, տվյալների մշակման և փոխանակման գործընթացներում առկա ավելորդ վարչարարությունը, ժամանակատար ընթացակարգերն ու թղթային փաստաթղթաշրջանառության գերակշռությունը նվազեցնում են կառավարման արդյունավետությունը, թափանցիկությունն ու վերահսկելիությունը։ «Սպորտի ոլորտում կառավարման տեղեկատվական էլեկտրոնային համակարգի ներդրումը հրատապ է․ նոր համակարգը կապահովի միասնական կառավարում, տվյալների օպերատիվ հասանելիություն և կբարձրացնի ոլորտի կառավարման արդյունավետությունը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը և հավելել՝ համակարգի ստեղծման օրենսդրական փոփոխություններն արդեն իրականացվել են, այժմ նախատեսվում է անցնել բուն ծրագրի մշակմանը։ Նոր ձևավորվող համակարգն աստիճանաբար կդառնա ոլորտի միասնական ռեգիստր։ Համակարգում առկա տվյալները կօգտագործվեն վիճակագրության վարման, ոլորտային քաղաքականությունների մշակման, որոշումների հիմնավորման, ֆինանսավորման գործընթացների, ինչպես նաև մոնիտորինգի և վերահսկողության նպատակով։ Համակարգը կունենա երեք հիմնական բաղադրիչ։ Առաջին բաղադրիչը վերաբերում է մարզադպրոցների գործունեության թվայնացմանը։ Այն հնարավորություն կտա հստակ վիճակագրություն վարել սպորտով զբաղվող երեխաների և երիտասարդների վերաբերյալ, ինչպես նաև հետևել նրանց առաջընթացին։ «Հաշվի առնելով, որ այս համակարգը փոխկապակցված է լինելու Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի հետ՝ հնարավոր կլինի փոխադարձաբար ստուգել սաների տվյալները, հաճախելիությունը՝ օգտվելով նաև դպրոցական համակարգի տվյալներից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։ Երկրորդ բաղադրիչը վերաբերելու է բարձր նվաճումների սպորտի և մարզական ֆեդերացիաների գործունեության տվյալների թվայնացմանը։ Համակարգը հնարավորություն կտա էլեկտրոնային եղանակով ընդունել ֆեդերացիաների ֆինանսավորման հայտերը և իրականացնել ֆինանսավորման գործընթացը՝ միաժամանակ բարձրացնելով հաշվետվողականության և թափանցիկության մակարդակը։ Համակարգի միջոցով կապահովվի նաև մարզիկների սպորտային հետագծի տեսանելիությունը։ Հավաքագրված տեղեկատվությունը կարևոր նշանակություն կունենա որոշումների կայացման, այդ թվում՝ տարկետման համակարգի կիրառման համատեքստում։ «Հնարավոր կլինի շատ հստակ և տեսանելի կերպով հետևել մեր հավաքականների ձևավորմանը, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև այլ մրցաշարերում նրանց գրանցած ցուցանիշներին ու արդյունքներին»,- նշել է նախարարը։ Երրորդ բաղադրիչը կվերաբերի մասսայական սպորտին։ Այս ուղղությամբ նախատեսվում է տվյալներ հավաքագրել հանրության շրջանում ֆիզիկական ակտիվության ցուցանիշների, այդ թվում՝ մարզասրահներ հաճախելիության մասին։ Սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման հարցը քննարկվել և հավանության է արժանացել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստում։



