«Մերսեդեսի» երիտասարդ իտալացի ավտոարշավորդ Անդրեա Կիմի Անտոնելլին Մոնցայի Գրան պրիում գրանցել է եզակի արդյունք՝ հաղթանակ տանելով մեկնարկային 19-րդ դիրքից հետո։ Անտոնելլին դարձել է Ֆորմուլա 1-ի պատմության երրորդ ավտոարշավորդը, որին հաջողվել է հաղթել՝ մրցավազքը սկսելով հենց 19-րդ դիրքից։ Իտալացի մարզիկը սեփական երկրի Գրան պրիում կարողացել է հաղթահարել մեկնարկային դիրքի մեծ տարբերությունը և հասնել առաջին տեղին։ Նման արդյունք նախկինում գրանցել էր Բիլ Վուկովիչը, որը 1954 թվականին հաղթել էր Ինդիանապոլիսի 500 մղոնանոց մրցավազքում՝ նույնպես մեկնարկելով 19-րդ դիրքից։ Այդ ժամանակ մրցարշավը հաշվարկվում էր Ֆորմուլա 1-ի առաջնության շրջանակում։ Ֆորմուլա 1-ի պատմության մեջ կա միայն մեկ դեպք, երբ ավտոարշավորդը հաղթել է՝ մեկնարկելով 19-րդ դիրքից ավելի ցածր։ 1983 թվականի ԱՄՆ-ի Գրան պրիում Ջոն Ուոթսոնը հաղթանակ էր տարել՝ մեկնարկելով 22-րդ հորիզոնականից։ Այդ մրցավազքում ուշագրավ արդյունք էր գրանցել նաև Ուոթսոնի «Մակլարեն» թիմակից Նիկի Լաուդան։ Ավստրիացի ավտոարշավորդը 23-րդ մեկնարկային դիրքից բարձրացել էր մինչև երկրորդ հորիզոնական՝ մրցավազքն ավարտելով պոդիումի վրա։



