Google-ն առաջիկա երկու տարում առնվազն 13 միլիարդ եվրո կներդնի Ֆինլանդիայում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման համար։ Ընկերությունը նաև կնքել է ԱՄՆ-ից դուրս իր առաջին միջուկային էներգիայի մատակարարման պայմանագիրը։ Գործարքի շրջանակում Google-ը ֆիննական էներգետիկ Fortum ընկերության հետ 22 տարվա պայմանագիր է ստորագրել՝ Ֆինլանդիայի երկու ատոմակայաններից մեկի արտադրած էլեկտրաէներգիայի մինչև 50%-ը գնելու վերաբերյալ։ Google-ի ներդրումային գործառնությունների գլխավոր տնօրեն Ռութ Փորաթը Հելսինկիում նշել է, որ սա ընկերության առաջին միջուկային էներգիայի գործարքն է Միացյալ Նահանգներից դուրս։ Միջուկային էներգիան, որը մեծ քանակությամբ ցածր ածխածնային էլեկտրաէներգիա է ապահովում, Ֆինլանդիայի հիմնական առավելություններից մեկն է։ Երկիրը փորձում է ներգրավել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների տվյալների կենտրոնները, քանի որ դրանց աշխատանքի համար անհրաժեշտ են մեծածավալ և կայուն էներգետիկ ռեսուրսներ։ Google-ի և Fortum-ի համաձայնագրից բացի՝ ընկերությունները քննարկելու են նաև Ֆինլանդիայում նոր միջուկային և վերականգնվող էներգետիկ նախագծերի զարգացման հնարավորությունները։ Google-ի ներդրումները նախատեսվում է իրականացնել 2027 և 2028 թվականներին։ Դրանք կներառեն տվյալների կենտրոնների կառուցում, էլեկտրացանցերի բարելավում, ինչպես նաև մաքուր էներգիայի և մարտկոցների նախագծերի իրականացում։ Ընկերության խոսքով՝ նոր ենթակառուցվածքները կնպաստեն այնպիսի ծառայությունների աշխատանքին և զարգացմանը, ինչպիսիք են Gemini-ն, Google Search-ը, Maps-ը և YouTube-ը։ Google-ը ներդրումային ծրագիրը անվանել է Եվրոպայում արհեստական բանականության ենթակառուցվածքների ոլորտում իր ամենախոշոր գործարքը։ Ընկերության գնահատմամբ՝ ներդրումները շինարարության փուլում Ֆինլանդիայի համախառն ներքին արդյունքին կավելացնեն մոտ 3,6 միլիարդ դոլար։ Նախատեսվում է նաև, որ տվյալների կենտրոնների ամբողջական գործարկումից հետո դրանք տարեկան շուրջ 7 հազար աշխատատեղ կապահովեն։



