Թբիլիսիում դեռահասների վեճն ավարտվել է 17-ամյա Դավիթ Նարիմանիձեի սպանությամբ։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին, երբ վիճաբանության ընթացքում 17-ամյա մեղադրյալը դանակով մի քանի հարված է հասցրել իր հասակակցին, ապա հեռացել դեպքի վայրից։ Նարիմանիձեն մահացել է դեպքի վայրում։ Կասկածյալը կարճ ժամանակ անց ձերբակալվել է։ Դատախազ Կետի Սոնիաձեի խոսքով՝ մեղադրյալն ու զոհը նախկինում միմյանց չեն ճանաչել և ծանոթացել են հենց ողբերգության օրը։ Նրանց միջև խոսակցությունը, ըստ դատախազի, սկսվել է ծխախոտի շուրջ առաջացած վեճից, սակայն իրավիճակը որոշ ժամանակ անց հանդարտվել է։ Ավելի ուշ վեճը կրկին բորբոքվել է, երբ մեղադրյալը դժգոհել է, որ Նարիմանիձեն կենաց ասելու ժամանակ ոտքի չի կանգնել։ Դատախազության ներկայացրած վարկածով՝ հենց այդ հանգամանքն է դարձել վիճաբանության պատճառ, որի ընթացքում դեռահասը դանակի հարվածներից մահացու վնասվածքներ է ստացել։ Հանցագործության պահին մեղադրյալն արդեն գտնվում էր խանութներից գողությունների գործով քննության ներքո և ազատության մեջ էր՝ գրավի դիմաց։ Այժմ նրան մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար, և նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։



