Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայի պետական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, դաշնային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ, ինչպես նաև հասարակական, մշակութային, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես են եկել Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Քրիստոֆ Իսրանգը։ Իր ելույթում դեսպան Ենգիբարյանն ընդգծել է անկախության՝ որպես հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերման և պետականության հիմնարար արժեքի նշանակությունը, կարևորելով Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և երկրի կայուն ու խաղաղ ապագայի կերտման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերը։ Անդրադառնալով Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների խորացման գործում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին՝ ՀՀ դեսպանը որպես երկկողմ գործընկերության կարևոր հանգրվան ընդգծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից նախորդ տարվա դեկտեմբերինստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» համատեղ հռչակագիրը։ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանն իր խոսքում մասնավորապես նշել է․ «Մենք բարձր ենք գնահատում ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և ողջունում ենք ներկայումս քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների շրջանակներում»։ Գերմանիայում Հայաստանի դեպանն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսենյան խաղաղության մրցանակի շնորհման խորհրդանշական կարևորությանը՝ նշելով․ «Մեզ համար խորապես խորհրդանշական է այս Խաղաղության մրցանակի ստացումը մի երկրում, որը սեփական պատմությունից գիտի պատերազմի գինը և խաղաղության արժեքը։ Մեզ համար այս ճանաչումն իր նշանակությամբ շատ ավելին է, քան պարզապես պատիվը»։ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Քրիստոֆ Իսրանգն իր խոսքում շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ՝ ընդգծելով Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների ու սերտ գործընկերության կարևորությունը։



