TRIPP-ի ճանապարհին ժամանակն է կանգնել

Մեծ ենթակառուցվածքային նախագծերը նախ կառուցվում են քաղաքականության մեջ, հետո՝ հողի վրա, և երբ առաջինի արագությունը սկսում է գերազանցել երկրորդի արագությանը, ժամանակացույցը դադարում է տեխնիկական հարց լինելուց։ TRIPP-ը մոտենում է այդ սահմանագծին։ Ամերիկյան OilPrice-ն արդեն TRIPP-ի շինարարության մեկնարկը կապում է 2027 թվականի հետ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը ներկայացնելով որպես նախագծի մեկնարկի ուշացում ։ Բայրամովի ասածը նոր չէ։ Նորությունն այն է, թե ինչպես է այն սկսում ընկալել արևմտյան մեդիան։ Մինչև հիմա TRIPP-ի շուրջ գլխավոր հարցը մեկնարկի ժամկետն էր, բայց եթե «ուշացման» ընկալումն ամրապնդվի, քննարկման առանցքը կփոխվի․ հարցն այլևս չի լինի՝ երբ է սկսվելու նախագիծը , այլ՝ ինչն է խոչընդոտում դրա իրականացմանը ։ Սա էական տարբերություն է։ TRIPP-ը սովորական ճանապարհ կամ երկաթուղի չէ։ Այն Հարավային Կովկասի տնտեսական աշխարհագրությունը վերաձևելու փորձ է՝ Հայաստանը փակուղային տարածքից վերածելով Կասպից ծովը, Թուրքիան և եվրոպական շուկաները կապող հանգույցի։ Հետևաբար դրա նշանակությունը չափվում է ոչ միայն կիլոմետրերով ու բեռնափոխադրումներով, այլ նրանով, թե ինչ տեղ է զբաղեցնելու Հայաստանը տարածաշրջանի ձևավորվող տնտեսական և հաղորդակցային նոր համակարգում ։ Պատմության մեջ մեծ ճանապարհները երբեք միայն տեղաշարժի միջոց չեն եղել։ Սուեզը վերաձևեց համաշխարհային առևտրի աշխարհագրությունը, երկաթուղիները փոխեցին պետությունների տնտեսական ու ռազմավարական կշիռը, իսկ հետպատերազմյան Եվրոպայում հաղորդակցային կապերը դարձան քաղաքական ինտեգրման հենասյուներից մեկը։ TRIPP-ի նշանակությունն էլ այս տրամաբանության մեջ է․ այն պարզապես նոր ճանապարհ չէ, այլ Հարավային Կովկասի տնտեսական և աշխարհաքաղաքական նոր դասավորության բաղադրիչ ։ Այդ պատճառով Իրանի հակազդեցությունը պատահական չէ։ Թեհրանը տեսնում է ոչ միայն Ադրբեջանի և Նախիջևանի կապ, այլ ամերիկյան տնտեսական ու քաղաքական ներկայության հնարավոր ամրապնդում իր հյուսիսային սահմանների մոտ։ Դրան գումարվում են անվտանգության, կառավարման և օպերացիոն ռեժիմի դեռևս չփակված հարցերը։ Անխոս մեկ տարվա տեղաշարժն ինքնին ճակատագրական չէ։ Մեծ ենթակառուցվածքային նախագծերի համար դա սովորական է։ TRIPP-ի իրական վտանգն այլ տեղ է՝ քաղաքական թափը կարող է մարել ավելի արագ, քան կառուցվում է ենթակառուցվածքը ։ Հետևաբար Երևանի և Վաշինգտոնի խնդիրը «ուշացման» ձևակերպմանը հակադարձելը չէ, այլ այն փաստերով անիմաստ դարձնելը։ Եթե շինարարության մեկնարկը նախատեսվում է 2027-ին, ապա մինչ այդ նախագիծը պետք է արդեն տեսանելի լինի տեղում՝ ավարտված նախագծային ու տեխնիկական աշխատանքներով, հստակ ֆինանսավորմամբ, նախապատրաստված ենթակառուցվածքներով և իրականացման հրապարակային ճանապարհային քարտեզով։ Աշխարհաքաղաքականության մեջ դատարկ տարածք չի մնում։ Եթե ճանապարհը երկար ժամանակ գոյություն ունի միայն համաձայնագրերում և հայտարարություններում, այդ տարածությունը շատ արագ լցնում են կասկածները, հակազդեցությունն ու մրցակիցների նարատիվները։ TRIPP-ի համար, հետևաբար, ամենակարևոր ռեսուրսներից մեկն արդեն ժամանակն է։ Եվ հիմա հարցը միայն այն չէ, թե երբ կսկսվի շինարարությունը , այլ ՝ մինչև այդ հնարավոր կլինի՞ պահպանել այն քաղաքական թափը, որի շնորհիվ ճանապարհն ընդհանրապես հնարավոր դարձավ ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13201

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով