Ուկրաինայի խորհրդարանը վաղը կքննարկի գլխավոր դատախազի պաշտոնանկության հարցը

Ուկրաինայի Գերագույն ռադայի իրավապահ գործունեության հարցերով հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի պաշտոնանկության վերաբերյալ նախագահական ներկայացմանը։ Արդեն վաղը՝ սեպտեմբերի 15-ին Գերագույն ռադայի լիագումար նիստում քվեարկության կդրվի նրա պաշտոնանկության հարցը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է Գերագույն ռադային աջակցել գլխավոր դատախազի հրաժարականին. «Այս գլխավոր դատախազն ունի միայն մեկ ելք՝ պաշտոնանկություն: Հենց դա էլ ես իրեն ասել եմ: Ուկրաինան տեսել է բոլոր պատճառները: Եթե նա դա համարում է քաղաքական ճնշում, թող այդպես էլ անվանի: Խնդրում եմ պատգամավորներին անհապաղ աջակցել այս պաշտոնանկությանը»,- գրել է նա Telegram-ի իր էջում: Գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն հրաժարականի դիմում էր ներկայացրել սեպտեմբերի 7-ին այն բանից հետո, երբ կոռուպցիոն գործի քննությունը շոշափել էր իր գերատեսչությունը։ Դրանից մեկ շաբաթ անց նա հայտարարել է, որ ստորագրել է Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) տնօրեն Սեմյոն Կրիվոնոսին կասկածանք առաջադրելու մասին ծանուցումը։ Դրանից հետո Կրավչենկոն լքել է երկիրը: Նա ասել է, որ գործուղման մեջ է։ Կրավչենկոն տեսանյութ է հրապարակել, որում հայտնել է, որ Կրիվոնոսին մեղադրում են փաստաթղթեր կեղծելու և երեխայի կեղծ որդեգրման մեջ: Նա Կրիվոնոսին կոչ է արել հրաժարական տալ. «Հենվելով հավաքված ապացույցների բազայի վրա՝ ես ստորագրել եմ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տնօրեն Սեմյոն Կրիվոնոսին կասկածանք առաջադրելու մասին որոշումը: Ես նրան կասկածում եմ առանձնապես խոշոր չափերի ոչ օրինական օգուտ ստանալու նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաև դատարանում պատասխանատվությունից խուսափելու համար արհեստական հիմքեր ստեղծելու նպատակով ֆիկտիվ որդեգրման մեջ»,- հայտարարել է Կրավչենկոն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13231

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով