Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է քննարկի Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը խոցելու հնարավորությունը։ BBC Radio 4-ին տված հարցազրույցում Սիկորսկին նշել է, որ նման մոտեցումը կարող է նպաստել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Լեհաստանի անվտանգությանը։ Նրա խոսքով՝ ավելի նպատակահարմար է ռուսական թևավոր հրթիռը խոցել դեռ Ուկրաինայի օդային տարածքում, քան սպասել, մինչև այն հասնի Լեհաստանի տարածք, որտեղ դրա խոցման հետևանքով բեկորները կարող են վտանգ ներկայացնել բնակչության համար։ Լեհաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ հնարավոր օդային անվտանգության գոտու ստեղծումը և Ուկրաինայի արևմտյան շրջանների պաշտպանությունը կարող են հնարավորություն տալ վերականգնել Լվովի օդանավակայանի աշխատանքը։ Սիկորսկու հայտարարության ֆոնին վերջին օրերին ռուսական հարվածներ են իրականացվել Ուկրաինայի արևմտյան շրջաններում՝ Լեհաստանի սահմանին մոտ։ Հարվածների հետևանքով վնասվել են Կիև–Վարշավա երթուղու գնացքի լոկոմոտիվը և Վոլինյան մարզի Յագոդին կայարանի մոտ գտնվող բենզալցակայանը։



