Աշխարհաքաղաքականությունը հաճախ սկսվում է ոչ թե սահմաններից, այլ հաղորդակցություններից։ Քարտեզի վրա գծված ճանապարհը կարող է միաժամանակ լինել առևտրի ուղի, ազդեցության գործիք և ռազմավարական ընտրության գիծ։ Հունական Libre-ի վերլուծությունը Իրանի հյուսիսային ռազմավարության մասին այս իմաստով ուշագրավ պատկեր է բացում Հայաստանի շուրջ։ Հայաստանը ներկայացվում է որպես Թեհրանի համար դեպի Սև ծով և Եվրոպա դուրս գալու գլխավոր ցամաքային օղակներից մեկը՝ Հայաստան-Իրան սահմանով, Հյուսիս-Հարավ ճանապարհով, Քաջարան-Ագարակ հատվածով, Արաքսի վրա նախատեսվող երկրորդ կամրջով և այնուհետև Հայաստան-Վրաստան-Սև ծով ուղղությամբ։ Կարևորն այստեղ ոչ այնքան ենթակառուցվածքների թվարկումն է, որքան դրանց նշանակության փոփոխությունը։ Այն, ինչ Երևանը սովորաբար ներկայացնում է որպես ճանապարհաշինություն և տնտեսական զարգացում, Թեհրանի տեսանկյունից դառնում է աշխարհատնտեսական ապահովագրություն ։ Իրանը երկար տարիներ ապրել է շրջափակումների, պատժամիջոցների և անկայուն հաղորդակցությունների աշխարհում։ Այդպիսի պետությունների համար այլընտրանքային ճանապարհները ոչ միայն առևտրի միջոց են, այլև ռազմավարական դիմադրողականության մաս։ Եթե Պարսից ծոցի ուղղությունը խոցելի է, եթե հարավային երթուղիները քաղաքական կամ ռազմական ճնշման տակ են, ապա հյուսիս տանող ճանապարհը ձեռք է բերում ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային արժեք։ Այդ պատճառով Հայաստան-Իրան 44-կիլոմետրանոց սահմանը Թեհրանի համար պարզապես երկու պետությունների շփման գիծ չէ։ Այն Իրանի հյուսիսային հաղորդակցության ռազմավարական դարպասներից է՝ Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծով, իսկ այնտեղից՝ եվրոպական շուկաներ հասնելու այլընտրանքային ուղի։ Այստեղից հասկանալի է դառնում Իրանի զգայունությունը Սյունիքի նկատմամբ։ TRIPP-ի շուրջ իրանական անհանգստությունը միայն այն չէ, որ տարածաշրջանում մեծանում է ամերիկյան ներկայությունը։ Թեհրանը տեսնում է նաև մեկ այլ վտանգ՝ որ Սյունիքի աշխարհատնտեսական կենտրոնը կարող է աստիճանաբար տեղափոխվել արևելք-արևմուտք ուղղության վրա՝ Ադրբեջանի, Հայաստանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև նոր հաղորդակցային համակարգի ձևավորմամբ, այսինքն՝ Սյունիքում հանդիպում են ոչ միայն ճանապարհներ, այլ երկու աշխարհատնտեսական տրամաբանություններ։ Մեկը արևելք-արևմուտք է՝ TRIPP-ը, որը նպատակ ունի Կասպից ավազանը Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով ավելի ամուր կապել արևմտյան շուկաների հետ։ Մյուսը հարավ–հյուսիս է՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով ուղղությունը, որի միջոցով Թեհրանը փորձում է պահպանել իր սեփական ելքը դեպի հյուսիս և Եվրոպա։ Երևանը չպետք է ընտրի, թե այս երկու ճանապարհներից որն է «ճիշտը»։ Հայաստանի շահն այն է, որ երկուսն էլ աշխատեն հայկական ինքնիշխանության ներքո և երկուսն էլ մեծացնեն երկրի արժեքը։ Հայաստանի շահը երկու ուղղություններից որևէ մեկը մյուսի հաշվին զարգացնելը չէ։ Արևելք–արևմուտք նոր կապը պետք է լրացնի, ոչ թե նվազեցնի հարավ–հյուսիս առանցքի նշանակությունը։ Միայն այդ դեպքում Հայաստանը պարզապես տարանցիկ տարածք չի դառնա, այլ կարող է վերածվել տարածաշրջանային հաղորդակցությունների իրական հանգույցի՝ միաժամանակ կապելով Կասպից ավազանը Թուրքիայի և Եվրոպայի, իսկ Իրանը՝ Վրաստանի ու Սև ծովի հետ։ Խելացի քաղաքականությունը ընտրություն չէ երկու ճանապարհների միջև, այլ Հայաստանի վերածումն է երկու ուղղությունների հատման կետի ։ Ահա թե ինչու Քաջարան–Ագարակ ճանապարհը կամ Արաքսի երկրորդ կամուրջը պարզապես շինարարական նախագծեր չեն, այլ նույն աշխարհատնտեսական քարտեզի մաս են, որի վրա գծվում է նաև TRIPP-ը։ Սյունիքի իրական արժեքը, հետևաբար, նրա շուրջ հակամարտությունների մեջ չէ։ Նրա արժեքն այն է, որ այստեղ կարող են հատվել Կասպից ծովից դեպի Միջերկրական գնացող և Պարսից ծոցից դեպի Սև ծով բարձրացող երկու մեծ տնտեսական առանցքներ։ Հայաստանի ռազմավարությունը պետք է լինի ոչ թե այդ մրցակցության զոհ դառնալը, այլ դրանից արժեք ստեղծելը։ Փոքր պետությունների աշխարհաքաղաքական կշիռը հաճախ որոշվում է ոչ թե իրենց տարածքի չափով, այլ այն հոսքերով, որոնք կարողանում են իրենց տարածքում հատել և կապել։ Լուսանկարը՝ hetq.am-ի



