Չինաստանի իշխանությունները խստացրել են քաղաքացիների արտերկիր մեկնելու կանոնները՝ ազգային և տեխնոլոգիական անվտանգության սպառնալիքների դեպքում։ Նոր կարգավորումներով ուժեղացված վերահսկողության տակ են հայտնվում ռազմավարական ոլորտների, այդ թվում՝ արհեստական բանականության, կիսահաղորդիչների և ռոբոտաշինության մասնագետները։ Քաղաքացիները պարտավոր են ներկայացնել արտերկիր մեկնելու հիմքերը, իսկ մաքսային ծառայողները կարող են հարցաքննել ուղևորներին և ստուգել նրանց բջջային սարքերը։ Արտերկրում ազգային անվտանգությանը վնասող գործունեություն հայտնաբերելու դեպքում իշխանությունները կարող են մինչև երեք տարով արգելել տվյալ քաղաքացու մեկնումը Չինաստանից։



