Կատարի արտաքին գործերի նախարարության Լրատվության և հաղորդակցության վարչության տնօրեն Իբրահիմ ալ-Հաշմին նախազգուշացրել է ծանր հետևանքների մասին, եթե փակվի Բաբ էլ-Մանդեբի կենսական նշանակություն ունեցող ջրուղին՝ հաշվի առնելով Հորմուզի նեղուցի՝ ամիսներ շարունակվող շրջափակումը և Կարմիր ծովի ափին հութիների վերջին հաջողությունները։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ «Աշխարհն արդեն իսկ բավականաչափ տուժում է Հորմուզի նեղուցի փակման պատճառով, ուստի մենք չենք կարող թույլ տալ, որ այդ իրավիճակին գումարվի նաև Բաբ էլ-Մանդեբի փակումը», – լրագրողների հետ զրույցում ասել է ալ-Հաշմին։ Նա նաև նշել է, որ Կարմիր ծովի հարավային մուտքի փակումն «աղետալի կլինի ամբողջ աշխարհի համար։ «Մենք արդեն տեսնում ենք հետևանքները…. Ուստի Կատարը հանդես է գալիս հօգուտ դիվանագիտության և երկխոսության», – շեշտել է նա։ Տեղեկություններ են հաղորդվում, որ Եմենի կառավարական ուժերի օդային գործողությունները հութիների դեմ շարունակվում են Թաիզի շրջակայքում։ Կառավարական ուժերը հայտնել են, որ ռազմական ինքնաթիռները թիրախավորել են հութիների բալիստիկ հրթիռների արձակման կայանքը Թաիզի օդանավակայանում։ Հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները վերջին 24 ժամվա ընթացքում F-15 և Typhoon ինքնաթիռներով 54 ավիահարված են հասցրել՝ թիրախավորելով Թաիզի, Լահջի, ալ-Ջաուֆի, Մարիբի և Հաջջայի նահանգները։ Շարժումը շեշտել է, որ «Բաբ էլ-Մանդեբում որևէ խնդիր չկա, և այնտեղով նավարկությունն անվտանգ է, և որ Սաուդյան ռեժիմի՝ միջազգային հանրությանն այս հարցում մոլորեցնելու փորձերն անհիմն են»։ «Եթե աշխարհը ցանկանում է կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, ապա պետք է հորդորի Սաուդյան Արաբիային՝ դադարեցնել իր միջամտությունը Եմենի գործերին», – նշված է հայտարարության մեջ։



