ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին քաղաքացիներին ուղղված ուղերձում կոչ է արել ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին, որոնց ընթացքում կընտրվեն Պետական դումայի պատգամավորներ, մի շարք տարածաշրջանների օրենսդիր մարմինների և ղեկավարների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Պուտինի խոսքով՝ լայնածավալ ընտրարշավն անցկացվում է «հատուկ ռազմական գործողության» պայմաններում։ ՌԴ նախագահը նշել է, որ ակնկալում է նաև գործող զինծառայողների և սպաների ակտիվ մասնակցությունը քվեարկությանը՝ նրանց խիզախությունն ու հայրենիքին նվիրվածությունը օրինակ համարելով ամբողջ երկրի համար։ Պուտինի խոսքով՝ առաջիկա քվեարկությանը մասնակցությունը երկրի ամրապնդման գործում քաղաքացիների պատասխանատվությունն ու ներդրումն է։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր ընտրողի ձայն կարևոր է, և ընտրություններից կախված է, թե քաղաքական որ ուժերն ու թեկնածուները կներկայացնեն քաղաքացիների շահերը դաշնային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում։ ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ վստահ է՝ ընտրություններում հաղթելու են «ամենաարժանավոր, իրավասու և Ռուսաստանի իրական հայրենասեր» թեկնածուները։ Ռուսաստանում քվեարկությունը կանցկացվի սեպտեմբերի 18-ին, 19-ին և 20-ին։ Ուղերձի ավարտին Պուտինը քաղաքացիներին կոչ է արել իրացնել իրենց սահմանադրական իրավունքը և մասնակցել ընտրություններին՝ դրանք անվանելով «Ռուսաստանի հաղթանակի գործում ընդհանուր ներդրում»։



