Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասին

Վաղը՝ սեպտեմբերի 16-ին, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի չեխական «Սպարտա Պրահային»։ Պրահան ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Բրայան Պրիսկեն նախախաղային ասուլիսի ընթացքում խոսել է առաջիկա հանդիպման մասին՝ վերլուծելով հայկական թիմի ուժեղ կողմերն ու կատարած փոփոխությունները։ «Որոշ առումներով թիմը փոխվել է. կազմի մոտ կեսը նորեկներ են, փոփոխություններ կան նաև մեկնարկային կազմում: Ինչ վերաբերում է խաղաոճին, ապա, ընդհանուր առմամբ, դա այն է, ինչ տեսանք նախորդ տարի: Գիտենք, որ անցած մրցաշրջանում նրանք հարմարվեցին մեր՝ երեք պաշտպանով համակարգին: Այս տարի նրանց հետևելիս տեսանք, որ մարզիչը կիրառում է 4-3-3 սխեման, բայց ոճը պահպանվել է։ Նրանք սիրում են վերահսկել գնդակը, լավ տեղաշարժեր են անում եզրերում և ձգտում են տիրել նախաձեռնությանը»,- նշել է դանիացի մասնագետը։ Պրիսկեն առանձնացրել է նաև երևանյան թիմի ֆուտբոլիստների փորձառությունը, ինչը լուրջ գործոն կարող է լինել ավելի երիտասարդ «Սպարտայի» դեմ խաղում. ««Արարատ-Արմենիան» հույսը դնում է փորձառու խաղացողների վրա: Սա այն է, ինչ մենք պետք է հաշվի առնենք: Փորձառու ֆուտբոլիստները գիտեն, թե երբ է պետք հուսալի պաշտպանվել և երբ՝ գրոհել: Մենք պետք է զգանք հանդիպման ռիթմն ու ավելի արդյունավետ գործենք անցումային փուլերում ու ստանդարտ դիրքերում։ Վաղը դաշտ դուրս կգա այն կազմը, որը, մեր համոզմամբ, կկարողանա հաղթել այս խաղում»։ Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի «Արարատ-Արմենիա» — «Սպարտա Պրահա» հանդիպումը կմեկնարկի ժամը 20։45-ին։ Armsport

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13354

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով