Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը. ֆրանսիական ինստիտուտի հոդվածը

Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտն անդրադարձել է Երևանում մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ 2025 թվականին Ալբանիայում ու Դանիայում անցկացված գագաթնաժողովներից հետո Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ընդգծելով, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այս անգամ անցկացվում է Հարավային Կովկասի սրտում՝ Ինստիտուտն ընդգծում է դրա աշխարհաքաղաքական նշանակությունը։ Նշվում է, որ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելը ունի աշխարհագրա-ռազմավարական նշանակություն։ Ինստիտուտն ընդգծում է Եվրոպական միության համար Հայաստանի կարևորությունը կապակցվածության օրակարգի համար։ Նշվում է նաև, որ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելը լավ հնարավորություն է գնահատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը հետկոնֆլիկտային շրջանում։ Անդրադառնալով գագաթնաժողովի օրակարգին՝ Ինստիտուտը նշում է, որ այն կարտացոլի թե՛ առկա խնդիրների շարունակականությունը, թե՛ դրանց լուծման հրատապությունը: Բացման նիստը կհավաքի պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ մտքերի լայն ռազմավարական փոխանակման համար։ Նշվում է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2022 թվականին գործարկումից ի վեր վերածվել է ԵՄ պաշտոնական կառույցներից դուրս բարձր մակարդակի դիվանագիտական ​​և քաղաքական համակարգման ճկուն հարթակի, որը թույլ է տալիս առաջնորդներին ընդհանուր մարտահրավերները քննարկել ավելի ոչ սահմանափակ միջավայրում: Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը գրում է՝ ակնկալվում է, որ Երևանի գագաթնաժողովը կամրապնդի այս դերը: Նշվում է, որ գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում կմնան ժողովրդավարական դիմադրողականությունը և հիբրիդային սպառնալիքները, որոնք առաջնահերթություն են շարունակում մնալ դեռևս նախորդ գագաթնաժողովներից: Անդրադարձ կլինի նաև փոխկապակցվածության և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։ Ըստ Ինստիտուտի՝ քննարկումները կկենտրոնան ենթակառուցվածքների փոխկախվածության, էներգետիկայի աղբյուրների դիվերսիֆիկացման վրա։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ էներգետիկ անվտանգությունը շարունակում է կրել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի, ինչպես նաև Հորմուզի նեղուցի շրջափակման ազդեցությունը, մասնակիցները կքննարկեն, թե ինչպես տարածաշրջանային համագործակցությունը կարող է նվազեցնել խոցելիությունը»,- ասված է հոդվածում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով