Երբ «տրիգերը» դառնում է քաղաքական հաշվարկ

Բիշքեկից հետո Հարավային Կովկասում արտաքուստ հակասական պատկեր է ձևավորվել։ Օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կրկին ընդգծեցին 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի համաձայնությունների պատմական նշանակությունը, խոսեցին խաղաղության արդեն երևացող տնտեսական արդյունքների՝ առևտրի, տարանցման և հաղորդակցությունների մասին։ Հանրային փաստաթուղթը, այսինքն, խոսում էր խաղաղության շարունակականության մասին։ Բայց նույն Բիշքեկում ռուսական ուղղությամբ այլ խոսակցություն էր ընթանում։ Սեպտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը հատուկ ընդգծեց Հայաստանի եվրոպական ուղղությունը՝ զգուշացնելով, որ ԵՄ-ին անդամակցության ձգտումը կարող է խնդիրներ ստեղծել ԵԱՏՄ շրջանակում, զրոյացնել որոշ տնտեսական առավելություններ և խաթարել ձևավորված առևտրային կապերը։ Փաշինյանն իր հերթին պնդեց, որ Հայաստանին անհրաժեշտ են այլընտրանքներ և որ Երևանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին դեռ չի ծանուցել գործընկերներին։ Այս երկու հանդիպումների միջև է այսօր Հայաստանի ամենազգայուն արտաքին քաղաքական տարածքը՝ մի կողմից՝ Վաշինգտոնի մասնակցությամբ ձևավորված հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն է և TRIPP-ը, որը Հայաստանի կառավարությունը ներկայացնում է որպես տարածաշրջանային հաղորդակցությունների նոր համակարգի մաս։ Մյուս կողմից՝ Ռուսաստանն է, որի տնտեսական, էներգետիկ և ենթակառուցվածքային ազդեցությունը Հայաստանում դեռ չափազանց մեծ է, մինչ քաղաքական հարաբերությունների տրամաբանությունը արագ փոխվում է։ Ռուսաստանի համար խնդիրը Հայաստանի նկատմամբ ազդեցության արագ նվազումն է և Երևանի արևմտյան ուղղության խորացումը։ Ադրբեջանի համար մշտական հետաքրքրություն է բանակցային առավելությունը՝ Հայաստանից հնարավորինս շատ զիջումներ ստանալու համար։ Սա նշանակում է, որ Հայաստանը պարտավոր է հաշվարկել այն սցենարը, որտեղ երկու տարբեր մայրաքաղաքների առանձին շահերը որոշ պահին կարող են նույն ճնշումը ստեղծել Երևանի վրա։ Ավելի խելամիտ է հաշվարկել ոչ թե այն, ինչ նրանք ցանկանում են անել, այլ այն, ինչ նրանք կարող են անել, եթե իրենց շահերը համընկնեն։ Հայաստանի դեպքում ամենախոցելի կետը հենց խաղաղության գործընթացն է ոչ որովհետև խաղաղությունը թուլություն է, այլ հակառակը՝ որովհետև այն Հայաստանի արտաքին քաղաքական վերադասավորման առանցքային ենթակառուցվածքն է։ Եթե խաղաղության գործընթացը հաջողվի, հաղորդակցությունները բացվեն, TRIPP-ը սկսի գործել, հայ-թուրքական սահմանը աստիճանաբար բացվի և Հայաստանի տնտեսական աշխարհագրությունը բազմազանվի, Երևանի կախվածությունը որևէ մեկ կենտրոնից բնականաբար կնվազի։ Հենց այդ պատճառով գործընթացի խափանումը Հայաստանի համար պարզապես սահմանային ճգնաժամ չի լինի․ այն կարող էր հարվածել տնտեսական դիվերսիֆիկացմանը, արևմտյան ներգրավվածությանը և ամբողջ նոր արտաքին քաղաքական ճարտարապետությանը։ Այս ֆոնին հետաքրքիր է նաև Սամվել Կարապետյանի վերջին բառապաշարը։ Սեպտեմբերի 11-ին նա հայտարարել է, որ մարդկանց փողոց հանելու համար իրեն «տրիգեր» պետք չէ, «տրիգերը պետք է փոփոխություն անելու համար», և հավելել է, որ իշխանափոխության հարցում իրենք կարող են անել «ավելի հետաքրքիր» բան։ Այս խոսքերից ինքնաբերաբար չի հետևում, որ Կարապետյանը սպասում է արտաքին ճգնաժամի կամ ներգրավված է որևէ արտաքին ծրագրի մեջ, բայց «տրիգերի» քաղաքականությունը ինքնին բացահայտում է հայկական ներքաղաքական դաշտի վտանգավոր մեխանիզմներից մեկը․ երբ ընդդիմադիր ուժը իշխանափոխության հնարավորությունը կապում է ապագա հասարակական ցնցումների հետ, ցանկացած արտաքին ճգնաժամ շատ արագ կարող է դառնալ ներքաղաքական արագացուցիչ։ Այստեղ հարցը դուրս է գալիս իշխանություն–ընդդիմություն սովորական հակադրությունից և վերածվում պետական դիմակայունության խնդրի։ 2020 թվականից հետո Հայաստանը բազմիցս տեսել է, թե որքան արագ կարող են արտաքին անվտանգային ճգնաժամը, տնտեսական ճնշումը և ներքին քաղաքական անկայունությունը միմյանց ուժեղացնել։ Այդ պատճառով առաջիկա շրջանի գլխավոր վտանգը ոչ միայն հնարավոր ռազմական միջադեպն է։ Ավելի վտանգավոր է մի քանի ճնշումների զուգակցումը ՝ սահմանին լարվածություն, տնտեսական սահմանափակումներ, տեղեկատվական հարձակում և ներքաղաքական ճգնաժամ։ Դրանք պարտադիր չէ, որ կառավարվեն մեկ կենտրոնից։ Երբեմն աշխարհաքաղաքականությունը շատ ավելի պարզ է աշխատում․ տարբեր դերակատարներ նույն պահին օգտագործում են նույն խոցելիությունը՝ յուրաքանչյուրը սեփական նպատակի համար։ Հենց այս պատճառով Բիշքեկից հետո ուշադրության կենտրոնում պետք է լինի Հայաստանի խոցելիությունների քարտեզագրումը: Ռուսաստանի տնտեսական լծակները տեսանելի են արդեն հիմա։ Եվրամիությունը սեպտեմբերի 2-ին իր նոր առևտրային միջոցառումները Հայաստանի համար բացահայտ կապեց Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումների հետ՝ դրանք անվանելով տնտեսական ճնշման պատասխան։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը մնում է Հայաստանի խոշոր տնտեսական գործընկերներից մեկը, իսկ Պուտինն անձամբ Բիշքեկում այդ կախվածությունների տնտեսական արժեքը դրեց բանակցային սեղանին։ Այս ամենը մեկ պարզ եզրակացության է բերում՝ Հայաստանի անվտանգության հաջորդ փորձությունը կարող է սկսվել ոչ թե մի մեծ հարվածից, այլ մի քանի փոքր ճնշումների համընկնումից։ Այդ պատճառով իրական խնդիրը «տրիգերը» կանխատեսելը չէ։ Պետությունը չի կարող իր անվտանգությունը կառուցել այն հաշվարկի վրա, թե որտեղից և երբ կգա հաջորդ ճգնաժամը։ Այն պետք է կառուցվի այնպես, որ ոչ մի առանձին «տրիգեր» չկարողանա միաժամանակ գործարկել սահմանային, տնտեսական և ներքաղաքական ճգնաժամի ամբողջ շղթան։ Որովհետև ամենավտանգավոր պահը այն չէ, երբ հակառակորդները նույն ծրագիրն ունեն։ Ամենավտանգավորն այն պահն է, երբ տարբեր ծրագրեր հանկարծ սկսում են աշխատել նույն արդյունքի օգտին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13420

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով