Իլհամ Ալիևը Բաքվում Եվրոպական խորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ», Եվրոպային՝ իսլամատյաց, իսկ Ադրբեջանի հասցեին արևմտյան քննադատությունը՝ «զրպարտչական արշավ»։ Սա այն քաղաքական լեզուն է, որով Բաքուն փորձում է փոխել դերերը՝ միջազգային քննադատության հասցեատիրոջից վերածվելով հենց այդ միջազգային համակարգի մեղադրողի։ Բայց դատավորի դերը հատկապես համոզիչ չէ, երբ փաստերը չեն դիմանում առաջին իսկ ստուգմանը։ Ալիևը վկայակոչում է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի չորս բանաձևերը՝ դրանց բովանդակությունը ներկայացնելով որպես Հայաստանի զինված ուժերի դուրսբերման ուղղակի պահանջ։ Բայց բանաձևերի ձևակերպումները հենց այդպիսին չեն ․ դրանք պահանջում էին «օկուպացնող ուժերի» դուրսբերում գրավված շրջաններից, մինչդեռ Հայաստանի կառավարությանը առանձին կոչ էր արվում իր ազդեցությունն օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ՝ այդ պահանջների կատարումն ապահովելու համար։ Սա բառերի տարբերություն չէ, այլ հակամարտության իրավական բնույթի էական տարբերակում․ երեք տասնամյակի բարդությունը չի կարելի հետադարձորեն պարզեցնել այնքան, որ այն վերածվի Հայաստանի դեմ մեկ գծային մեղադրանքի։ Հենց այս նույն ընտրողական մոտեցումն է Բաքուն կիրառում նաև Եվրոպական խորհրդարանի նկատմամբ։ Այո՛, Եվրոպական խորհրդարանը ծանր կոռուպցիոն սկանդալ է ունեցել։ Qatargate-ը լուրջ հարված էր եվրոպական ինստիտուտների հեղինակությանը ․ 2022-ին բելգիական քննիչները գործի շրջանակում առգրավել էին շուրջ 1.5 միլիոն եվրո կանխիկ գումար, իսկ այն ժամանակ Եվրախորհրդարանի փոխնախագահ Եվա Կայլին հայտնվել էր հետաքննության կենտրոնում, սակայն Ալիևի պնդումը, թե նրա նկատմամբ «ոչ մի միջոց չի ձեռնարկվել» և ամեն ինչ «կոծկվել է», չի համապատասխանում իրականությանը։ Կայլին ձերբակալվեց, ամիսներ անցկացրեց կալանքի տակ, իսկ Եվրախորհրդարանը 625 կողմ եւ ընդամենը 1 դեմ ձայնով նրան հեռացրեց փոխնախագահի պաշտոնից։ Ժողովրդավարական համակարգի ուժը կոռուպցիայի բացակայությունը չէ, այլ այն բացահայտելու, հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու կարողությունը։ Երբ սկանդալը հանգեցնում է պաշտոնանկության, քրեական հետապնդման և ինստիտուցիոնալ փոփոխության, համակարգը ոչ թե թաքցնում է իր արատը, այլ փորձում է այն ուղղել։ Եվ հենց այս կետում Բաքվի մեղադրանքը սկսում է հակառակ ուղղությամբ աշխատել։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը տարիներ շարունակ ուսումնասիրել է հենց Ադրբեջանի հետ կապված այսպես կոչված «խավիարային դիվանագիտությունը»՝ եվրոպացի քաղաքական գործիչների վրա նվերների, գումարների և ազդեցության միջոցով ներգործելու համակարգը։ ԵԽԽՎ-ի փաստաթղթերում արձանագրվել են Ադրբեջանի ազդեցության լուրջ կասկածներ, պատժամիջոցներ են կիրառվել ներգրավված անձանց նկատմամբ, իսկ նախկին եվրոպացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն դատարանում դատապարտվել է ադրբեջանական քաղաքական շահերի օգտին կաշառք ստանալու համար։ Ուստի Եվրոպայի կոռուպցիայի մասին Բաքվից հնչող դասախոսությունը հիշեցնում է հայելի, որի մեջ իշխանությունը տեսնում է միայն դիմացինի դեմքը։ Արևմուտքի հասցեին այդ քննադատություններից մի մասը, իհարկե, հիմնավոր է։ Եվրոպան միշտ չէ, որ հետևողական է, նրա էներգետիկ շահերը երբեմն բախվում են մարդու իրավունքների հռչակած սկզբունքներին, իսկ տարբեր երկրների նկատմամբ կիրառվող չափանիշները կարող են տարբերվել։ Բայց ուրիշի երկակի չափանիշը սեփական պատասխանատվությունից ազատվելու իրավունք չի տալիս։ Ավելին՝ Ադրբեջանի նկատմամբ Եվրոպական խորհրդարանի վերջին դիրքորոշումները դժվար է ներկայացնել որպես պարզապես «Հայաստանին աջակցելու» քաղաքականություն։ 2025 թվականի մարտին այն 523 կողմ և ընդամենը 3 դեմ ձայնով պահանջեց Բաքվում պահվող հայ գերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների ազատ արձակումը, իսկ նույն տարվա դեկտեմբերին 477 կողմ ձայնով կրկին արձանագրեց Ադրբեջանում քաղաքական հետապնդումների և քաղաքական բանտարկյալների աճի խնդիրը։ Այստեղ խոսքը ոչ թե Հայաստանի օգտին ընտրություն կատարելու, այլ Ադրբեջանի ներսում մարդու իրավունքների և իրավական պատասխանատվության հարցերի մասին է։ Սա կարելի է համարել խիստ, նույնիսկ միակողմանի քաղաքականություն։ Բայց այն «իսլամատյացություն» անվանելը ծիծաղելի է։ Իրական խնդիրը Եվրոպայի «թուլությունը» չէ, այլ այն, որ նրա որոշ կառույցներ Ադրբեջանի աճող ուժն ու ռազմավարական նշանակությունը չեն համարում հաշվետվողականությունից ազատող պատճառ ։ Նավթը, գազը, աշխարհագրական դիրքը և ռազմական հաղթանակը կարող են մեծացնել պետության բանակցային կշիռը, բայց չեն տալիս քննադատությունից եւ պատասխանատվությունից վեր կանգնելու իրավունք ։ Եվ հենց այստեղ է Ալիևի խոսքի հիմնական հակասությունը։ Նա ասում է՝ Ադրբեջանն այնքան է ուժեղացել, որ Արևմուտքը սկսել է նրա դեմ «կեղտոտ արշավ»։ Բայց ուժեղ պետությունը քննադատությունից չի վախենում, այլ պատասխանում է փաստերով, բացում է դատարանները դիտորդների առաջ, ազատ մամուլին թույլ է տալիս ստուգել իշխանությանը և յուրաքանչյուր քննադատություն չի ներկայացնում որպես դավադրություն։ Պետության ուժը չափվում է ոչ միայն նրանով, թե որքան դժվար է նրան ճնշել դրսից, այլև նրանով, թե որքան ազատ է հնարավոր նրան քննադատել ներսում։ Եվրոպան անսխալական չէ։ Նրա հաստատություններում եղել են կոռուպցիա, երկակի չափանիշներ և քաղաքական հաշվարկներ։ Բայց եթե Բաքուն ցանկանում է Եվրոպային դատել այդ չափանիշներով, պետք է պատրաստ լինի նույն չափանիշները կիրառել նաև սեփական իշխանության նկատմամբ։ Այլապես «կոռուպցիոներների որջի» մասին մեղադրանքը դադարում է լինել Եվրոպայի նկարագրություն և վերածվում է քաղաքական հայելու։



