Երեկ Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման, դրա տնտեսական, աշխարհաքաղաքական նշանակության և Հայաստանի ու հայ-վրացական հարաբերությունների համատեքստում դրա ռիսկերի շուրջ զրուցել ենք «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ: Այսօր ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից day.az-ն իր խմբագրականում ևս անդրադարձել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնմանը և արել որոշակի ակնարկներ: «Կարս-Գյումրի երկաթգիծը բացառապես որպես Թուրքիայի և Հայաստանի երկկողմ նախագիծ դիտարկելու փորձերն անտեսում են տարածաշրջանային իրականությունը։ Հարավային Կովկասը փոխկապակցված շահերի համակարգ է, որտեղ մի կողմի գործողություններն անխուսափելիորեն ազդում են մյուսների վրա։ Ադրբեջանն այս համակարգում առանցքային խաղացող է։ Նրա տնտեսական, տրանսպորտային և քաղաքական ներուժը նրան դարձնում է անփոխարինելի մասնակից տարածաշրջանային ցանկացած խոշոր նախագծի համար։ Ավելին, հենց Բաքուն է տրանսպորտային միջանցքների զարգացման շարժիչ ուժը՝ ներառյալ «Միջին միջանցքը» և Եվրոպան Ասիային կապող նախագծերը։ Եվ այս փաստն անտեսելու փորձն անգամ ռազմավարական սխալ է։ Ակնհայտ է, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները մնում են տարածաշրջանի զարգացման կայուն գործոններից մեկը, և դրանք ցանկացած որոշման հիմքում պետք է դրվեն կամ հաշվի առնվեն: Առանց սրա՝ ցանկացած նախագիծ մեռելածին նախաձեռնության վերածվելու ռիսկ է պարունակում, որը չի դիմանա իրականության հետ բախմանը»,- նշվում է ադրբեջանական վերլուծականում և հիշեցվում, որ Թուրքիայի կողմից հայկական ուղղությամբ ցանկացած քայլ դիտարկվում է թուրք-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների պրիզմայով:



