102-րդ ռազմաբազայի շուրջ հարցը փոխվում է

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի շուրջ վերջին օրերի խոսակցությունը մի փոքր տարօրինակ ընթացք ստացավ։ Մոսկվան հայտարարում է, որ Երևանից բազան դուրս բերելու պահանջ չի ստացել, իսկ Երևանը պատասխանում է՝ նման պահանջ երբեք էլ չի ներկայացրել։ Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարցին ասաց, որ 2018 թվականից ի վեր ո՛չ ինքը Վլադիմիր Պուտինի կամ Ռուսաստանի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ո՛չ էլ Հայաստանի որևէ ներկայացուցիչ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց չի բարձրացրել։ Այս մասում նորություն իսկապես չկա։ Նորությունը մեկ այլ տեղ է։ Դեռ սեպտեմբերի 3-ին Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը 102-րդ ռազմաբազայի ներկայությունը չի համարում իր անվտանգության համար կենսական անհրաժեշտություն։ Եթե Ռուսաստանը որոշի հեռանալ՝ Հայաստանը չի առարկի, եթե ուզում է մնալ՝ այդ հարցը կարելի է քննարկել։ Սա պարզապես ձևակերպման փոփոխություն չէ․ այստեղ փոխվում է հենց ռուսական ռազմաբազայի անհրաժեշտության մասին պաշտոնական ընկալումը։ Տասնամյակներ շարունակ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը գրեթե չէր քննարկվում որպես առանձին քաղաքական հարց։ Այն ընկալվում էր Հայաստանի անվտանգության համակարգի բնական բաղադրիչ՝ 1995 թվականի համաձայնագրից մինչև բազայի ներկայությունը 2044 թվականը երկարաձգող պայմանավորվածությունը։ Այդ ամբողջ կառուցվածքը ձևավորվել էր մի իրականության մեջ, որտեղ Ռուսաստանը Հայաստանի հիմնական ռազմական գործընկերն էր, Հայաստանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, իսկ ռուսական ռազմական ներկայությունը՝ այդ անվտանգության համակարգի անբաժանելի մասը։ Այդ համակարգն այսօր արդեն նույնը չէ։ Ուստի ռուսական ռազմաբազայի շուրջ քննարկման առանցքը Հայաստանի կողմից դրա հեռացումը պահանջել-չպահանջելը չէ։ Հայաստանը նման պահանջ չի ներկայացնում, և առնվազն այս պահին այդպիսի պաշտոնական դիրքորոշում գոյություն չունի։ Հետաքրքիրն այն է, որ Երևանն այլևս չի ասում նաև հակառակը՝ որ առանց այդ բազայի Հայաստանի անվտանգությունը հնարավոր չէ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին նույնիսկ ավելի կտրուկ ձևակերպեց խնդիրը՝ հիշեցնելով, որ բազայի հնարավոր հեռացման մասին խոսակցությունը հայկական կողմից չի սկսվել։ «Դա ռուսական կողմի հայտարարությունն է, մենք ոչ մի բան չենք քննարկել»,- ասել է նա։ Եվ իսկապես, այս փուլը սկսվեց Վլադիմիր Պուտինի հայտարարությունից։ Սեպտեմբերի 2-ին նա Բիշքեկում ասաց, որ եթե Հայաստանը ռուսական ռազմաբազայի կարիքը չի տեսնում, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ «վաղը»։ Այստեղից հետո արդեն փոխվում է հարցի բնույթը։ Տարիներ շարունակ ռուսական ռազմաբազայի շուրջ հնարավոր քննարկումը հանգում էր մի հարցի՝ կհամարձակվի՞ Հայաստանը երբ եւ է պահանջել դրա հեռացումը ։ Այսօր Երևանը նման պահանջ չի ներկայացնում, սակայն միաժամանակ արձանագրում է էական փոփոխություն․ ռուսական ռազմաբազայի ներկայությունն այլևս չի ընկալվում որպես Հայաստանի անվտանգության անվիճարկելի և ինքնաբերաբար անհրաժեշտ բաղադրիչ։ Ուրեմն բնականաբար առաջ է գալիս մյուս հարցը՝ ինչի՞ համար է այդ բազան այսօր Հայաստանում, ինչ խնդիր է լուծում Հայաստանի անվտանգության համար եւ ինչ պայմաններով պետք է շարունակի մնալ։ Սա դեռ որոշում չէ ռուսական ռազմաբազայի ապագայի մասին, և այդպիսի եզրակացություն անելը վաղաժամ կլինի։ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը պայմանագրային հիմքով նախատեսված է մինչև 2044 թվականը, իսկ դրա կարգավիճակի ցանկացած փոփոխություն պահանջելու է առանձին քաղաքական որոշում, իրավական ընթացակարգ և համապատասխան միջպետական գործընթաց։ Բայց քաղաքական լեզուն հաճախ փոխվում է որոշումներից ավելի շուտ։ Երբ տասնամյակներ շարունակ այս ռազմաբազան ներկայացվել է որպես Հայաստանի անվտանգության գրեթե անվիճարկելի անհրաժեշտություն, իսկ հետո իշխանությունը սկսում է ասել՝ եթե Ռուսաստանը որոշի հեռանալ, Հայաստանը չի առարկի, իսկ մնալու դեպքում պայմանները կարող են քննարկվել, փոխվում է ոչ միայն բառապաշարը, փ ոխվում է հենց այն ելակետը, որից Հայաստանը գնահատում է այդ ներկայության անհրաժեշտությունն ու իմաստը։ 102-րդ ռազմաբազայի ապագայի վերաբերյալ առայժմ որոշում չկա։ Բայց քննարկման տրամաբանությունն արդեն փոխվել է․ հարցը այլևս Ռուսաստանի հեռանալու հնարավորությունը չէ, այլ այն, թե այսօր ռուսական ռազմական ներկայությունն ինչ գործառույթ է իրականացնում Հայաստանի անվտանգության համար, ինչ շահ է ապահովում պետությանը և ինչ պայմաններով կարող է շարունակել համարվել հիմնավորված։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13617

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով