Ապրիլի 30-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը: Քննարկումից հետո խորհրդարանում լրագրողները փորձել են նրանից մի քանի հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ՝ դրսից Հայաստանի դեմ հրբրիդային պատերազմի, Նիկոլ Փաշինյանի չընտրվելու դեպքում աշնանը պատերազմի հավանականության, ինչին ի պատասխան՝ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ մեկնաբանություն չի պատրաստվում տալ, հետո լրացրել է՝ երկրորդ հարցից փակ նիստում խոսել է, լրացուցիչ ասելիք հրապարակային չունի: Հակադարձմանը՝ եթե հայ-ադրբեջանական հարաբերություններում վտանգ չեք տեսնում, այդ դեպքում հնարավոր պատերազմի մասին այս հայտարարության վերաբերյալ ի՞նչ պարզաբանում կտաք, Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը սահմանափակվել է հետևյալով. «Այն հայտարարությունը, ինչ որ արվել է մեր հրապարակային տարեկան զեկույցում, ուժի մեջ է»:



