Մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին կհաջորդի Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5-ին։ Օրերս Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում է Հայաստանում, այդ թվում` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Ավելի վաղ 168 ․ am -ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Զելենսկին կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի մայիսյան գագաթնաժողովին: Հատկանշական է, որ մի քանի օր առաջ նա եղել էր Ադրբեջանում։ Մի շարք գնահատականների համաձայն, Ադրբեջան այցը պայմանավորված էր ՀՀ այցի պարիտետը պահպանելու անհրաժեշտությամբ։ Նշենք, որ մայիսի 4-ին Երևանում տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին կհաջորդի մայիսի 5-ին Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը։ Այդ օրերին Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Մայիսի 3-5-ը Հայաստանում կլինի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա կմասնակցի Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչից հետո կմեկնարկի նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն:



