Երեք տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հայտարարեց «տեղային հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկը։ Մեկ օրում կոտրվեց այն անվտանգային համակարգը, որի կենտրոնում 2020-ի նոյեմբերից ռուսական խաղաղապահ զորախումբն էր։ Մի քանի օր անց սկսվեց բնակչության զանգվածային ելքը։ Ավելի քան 120 հազար հայ հեռացավ իր տնից։ Եվրոպական խորհրդարանը հետագայում տեղի ունեցածը բնորոշեց որպես էթնիկ զտում։ Սեպտեմբերի 19-ը մեկ օրվա ռազմական պարտություն չէր՝ դրան նախորդել էր ինը ամիս։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուսական 1960-հոգանոց խաղաղապահ զորախումբը տեղակայվել էր շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։ Միջանցքը պետք է մնար ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և ապահովեր կապը Ղարաբաղի ու Հայաստանի միջև։ Խաղաղապահների սկզբնական ժամկետը հինգ տարի էր։ 2022 թվականի դեկտեմբերին այդ ճանապարհը փակվեց։ Շրջափակումը ձգվեց ինը ամիս։ Շրջափակման ամիսներին Արցախում սննդի, դեղորայքի և վառելիքի պակասը վերածվեց խորացող հումանիտար ճգնաժամի։ 2023 թվականի փետրվարին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել մարդկանց, մեքենաների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Նույն որոշման մեջ դատարանը հատուկ արձանագրեց եռակողմ հայտարարության դրույթը՝ ճանապարհը գտնվում էր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Ճանապարհը չբացվեց։ Սեպտեմբերի 19-ին սկսվեց ռազմական հարձակումը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այդ օրը սեփական հաղորդագրությամբ արձանագրեց Ադրբեջանի կողմից հրադադարի բազմաթիվ խախտումներ ամբողջ շփման գծով։ Խաղաղապահներն արդեն մարդկանց էին տարհանում վտանգավոր բնակավայրերից։ Սեպտեմբերի 20-ին ռուսական կողմը հաղորդում էր ավելի քան երկու հազար տարհանված քաղաքացու մասին։ Մոսկվայի հետագա բացատրությունը հայտնի է։ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի հոկտեմբերին հայտարարեց, որ 2022-ի Պրահայի հանդիպումից հետո Հայաստանը Ղարաբաղը ճանաչել էր Ադրբեջանի մաս, ինչի հետևանքով ռուս խաղաղապահների կարգավիճակը «որակական փոփոխություն» էր կրել։ Նրա խոսքով՝ խաղաղապահների իրավասությունը սահմանափակված էր հրադադարի պահպանման դիտարկմամբ։ Այս փաստարկը երեք տարի անց էլ կրկնվում է, բայց այստեղ կա պարզ փաստաթղթային խնդիր։ 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ չկա դրույթ, որը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում դադարեցնում էր ռուսական խաղաղապահ առաքելությունը։ Զորախմբի հնգամյա ժամկետը նույնպես չէր ավարտվել։ Լաչինի միջանցքի նկատմամբ ռուսական վերահսկողության դրույթը շարունակում էր մնալ փաստաթղթում, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ 2022 թվականի դեկտեմբերին իր զինված ուժերի առաջ 2023-ի խնդիր էր սահմանում՝ «ապահովել խաղաղությունն ու կայունությունը Լեռնային Ղարաբաղում»։ Պրահայի համաձայնությունները չեն կարող արդարացնել իննամսյա շրջափակման ընթացքում Ռուսաստանի փաստացի անգործությունը։ Ավելին, դեռ 2020-ի նոյեմբերին Պուտինն ինքն էր ասում, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է։ Այսինքն՝ Արցախի իրավական կարգավիճակի վերաբերյալ այդ մոտեցումը Մոսկվան ձևակերպել էր դեռ 2020 թվականին, ոչ թե 2022-ին։ Սեպտեմբերի 19-ի մյուս պատմությունը Երևանում էր։ Հենց հարձակման օրը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անուն չտալով, գրառում հրապարակեց Նիկոլ Փաշինյանի մասին և ավարտեց այն «գուշակեք՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում» ձևակերպմամբ։ Նույն ժամերին Երևանում՝ Հանրապետության հրապարակում արդեն հավաքվում էին ցուցարարները։ Մարգարիտա Սիմոնյանի տելեգրամյան ալիքում տարածվեց ավելի ուղիղ կոչ․ հրապարակումը մարդկանց հորդորում էր գնալ Հանրապետության հրապարակ և նույնիսկ պնդում էր, որ Փաշինյանը չի ցանկանա արցախահայերին ընդունել Երևանում։ Փաստացի Հայաստանը մի քանի օրվա ընթացքում ընդունեց ավելի քան 100 հազար արցախահայի։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հետագայում արձանագրեց 101 հազարից ավելի տեղահանվածների մուտքը Հայաստան։ Այս պատմության մեկ այլ ողբերգական հատված կատարվել էր հենց Ստեփանակերտում։ Սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից՝ շաբաթներ շարունակվող ներքին ճնշումից հետո։ Այդ ճնշման հիմնական դերակատարների թվում էր Ռուբեն Վարդանյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանբ ու Արկադի Ղուկասյանը, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Սեպտեմբերի 9-ին խորհրդարանը նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին։ Նրա թեկնածությունն առաջադրել էին չորս քաղաքական ուժեր։ Սամվել Բաբայանի թեկնածությունը գրանցում չստացավ իրավական պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերի կեղծ պատճառով։ Տասը օր անց պատերազմը հասավ Ստեփանակերտ։ Սեպտեմբերի 19-ի երեկոյան Սամվել Բաբայանն առաջարկել էր իշխանությունը փոխանցել իրեն՝ ռազմական գործողությունները կանգնեցնելու և Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու նպատակով։ Այդ առաջարկի գոյությունը հետագայում հաստատել է նաև Շահրամանյանը։ Այն չընդունվեց։ Կարելի է երկար վիճել՝ Բաբայանի տարբերակը կփրկե՞ր իրավիճակը, թե ոչ, բնայց ծայրահեղ ճգնաժամի պահին իրական այլընտրանք կար, և այն չփորձարկվեց։ Հաջորդ շաբաթները դարձան այդ քաղաքականության դաժան վերջաբանը։ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Ռուբեն Վարդանյանը և Ղարաբաղի նախկին այլ պաշտոնյաներ ձերբակալվեցին Ադրբեջանի կողմից ու տեղափոխվեցին Բաքու։ 2026-ի փետրվարին նրանցից մի քանիսն արդեն ստացան երկարատև, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատավճիռներ, որոնց արդարության վերաբերյալ իրավապաշտպանները լուրջ մտահոգություններ են հայտնել։ Այստեղ է սեպտեմբերի 19-ի ամենածանր դասը։ Տարիներ շարունակ Արցախում Ռուսաստանը ներկայացվում էր որպես անվտանգության վերջին երաշխավոր։ 2023-ին այդ երաշխիքը փորձարկվեց իրական պայմաններում՝ շրջափակում, ռազմական հարձակում, բնակչության զանգվածային արտագաղթ։ Այդ փորձության արդյունքն այսօր դատարկված Արցախն է։ Մոսկվան կարող է անվերջ հիշեցնել Պրահայի հայտարարությունը։ Բայց որևէ քաղաքական հայտարարություն չի ջնջում 2020 թվականի փաստաթղթի տակ Ռուսաստանի նախագահի ստորագրությունը, Լաչինի միջանցքում ռուսական զորախմբի ներկայությունը և ինը ամիս շարունակվող շրջափակման փաստը։ Երեք տարի անց հարցը շատ պարզ է։ Եթե խաղաղապահ առաքելությունը չէր կարող բացել իր վերահսկողության տակ դրված ճանապարհը, չէր կարող կանխել ռազմական հարձակումը և չկարողացավ ապահովել բնակչության անվտանգ կյանքը սեփական հայրենիքում, ապա ինչի՞ համար էր այդ առաքելությունը։



