Նոյեմբերի 1-ից Հայաստանը փոխում է ոչ միայն անձնագրի տեսքը, այլև քաղաքացու ինքնությունը հաստատելու ամբողջ համակարգը։ Նոր կենսաչափական անձնագիրը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չիպ, նույնականացումը սահմանին կարող է տևել վայրկյաններ, իսկ փաստաթղթի կեղծման հնարավորությունը, ՆԳՆ գնահատմամբ, հասցվում է գրեթե զրոյի։ Առաջին փուլում նոր համակարգը կգործի 14 գրասենյակում, հետագայում՝ 23-ում, անձնագիրը կտրամադրվի 10 տարով և կարժենա 28 հազար 650 դրամ։ Բայց սա միայն տեխնոլոգիական փոփոխություն չէ։ Կենսաչափական փաստաթղթերի անվտանգությունը Հայաստանի և Եվրամիության վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջին առանցքային ուղղությունն է։ Դրան զուգահեռ վերակառուցվում են բնակչության պետական ռեգիստրը, միգրացիոն տվյալների համակարգերը և անձի նույնականացման մեխանիզմները։ Եվրամիությունն արդեն արձանագրել է Հայաստանի առաջընթացը փաստաթղթերի անվտանգության ոլորտում, բայց ճանապարհը դրանով չի ավարտվում։ Ի՞նչ է իրականում փոխվելու Հայաստանի քաղաքացու համար, որքանո՞վ է նոր համակարգը պատրաստ նոյեմբերի 1-ին, և ինչպե՞ս է այս անձնագիրը մեզ մոտեցնում Եվրոպայի հետ առանց վիզայի ճանապարհորդությանը։ Այս մասին խոսում ենք ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



