Գանձասարի շուրջ ադրբեջանական արշավը մի քանի օրվա ընթացքում անցել է մի քանի աստիճան՝ կրոնական համայնք, տասնյակ հասարակական կազմակերպություններ, պետական մեդիա, հիմա արդեն Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարություն։ Սեպտեմբերի 18-ին ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, Նախիջևանի բաժանմունքի ղեկավարը և շուրջ երկու տասնյակ գիտնականներ համատեղ հայտարարությամբ Գանձասարը ներկայացրել են որպես Կովկասյան Աղվանքի հուշարձան՝ հայտարարելով, որ այն հայկական պատմության հետ կապ չունի։ Հասան Ջալալին նրանք անվանում են Ադրբեջանի նշանավոր պետական գործիչ, իսկ հայկական կողմին մեղադրում են արձանագրությունների, խաչերի ու գերեզմանների փոփոխության և ոչնչացման մեջ։ Հատկապես կարևոր է հայտարարության քաղաքական վերջաբանը։ Գանձասարի շուրջ հայկական արձագանքը ներկայացվում է որպես Ադրբեջանի խաղաղության օրակարգը խաթարելու փորձ։ Մշակութային ժառանգության վեճն այսպիսով կապվում է խաղաղության նկատմամբ Հայաստանի հավատարմության հետ։ Սա արդեն շատ ավելի մեծ թեմա է, քան Գանձասարի պատկանելության հարցը։ Գանձասարի վերաբերյալ միջազգային հայագիտական ուսումնասիրությունները բոլորովին այլ պատկեր են ներկայացնում։ Միջազգային հայագիտական ընկերակցության վերջերս հրապարակած ուսումնասիրությունում Հասան Ջալալը ներկայացվում է որպես հայ իշխան, իսկ Գանձասարի երկար արձանագրությունը՝ որպես նրա շինարարական գործունեության կարևոր սկզբնաղբյուր։ Այսինքն՝ Բաքվի առաջ քաշած պնդումները պատմագիտության մեջ ընդունված և անվիճելի ճշմարտություններ չեն, որքան էլ պետական հայտարարություններում ներկայացվեն հենց այդ կերպ։ Բայց Ադրբեջանում ընթացող գործընթացի քաղաքական իմաստը պատմաբանական բանավեճից լայն է։ Մի քանի ժամվա ընթացքում նույն ուղերձի շուրջ հաջորդաբար հայտնվեցին ալբանաուդիական կրոնական համայնքը, հասարակական կազմակերպությունները, պետական տեղեկատվական հարթակները և Գիտությունների ազգային ակադեմիան։ Այդ հաջորդականությունը ցույց է տալիս թեմայի պետական մակարդակ տեղափոխվելը։ Դրա վերջնական նպատակի մասին դեռ վաղ է հաստատական դատողություն անել, սակայն ազդեցությունը պարզ է՝ Արցախի հայկական մշակութային ներկայության հարցն աստիճանաբար վերածվում է պետական քաղաքական խոսույթի մասի։ Հայաստանում այդ թեման կանխատեսելիորեն ցավոտ է։ Արցախը հայաթափվել է ընդամենը երեք տարի առաջ։ Մարդիկ կորցրել են տունը, գերեզմանները, եկեղեցիները և իրենց պատմական միջավայրը։ Գանձասարի կամ Դադիվանքի հայկականության վիճարկումը այդ պայմաններում պարզապես պատմագիտական տեսակետ չի ընկալվելու։ Այն անմիջապես դիպչում է կորստի ամենազգայուն կետին։ Բաքուն դա չի կարող չհասկանալ։ Երևանն էլ պետք է հասկանա մի ուրիշ բան։ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրվեց, սակայն 2026 թվականի սեպտեմբերի դրությամբ վերջնական համաձայնագիրը դեռ ստորագրված չէ։ Նույնիսկ ստորագրությունից հետո պատմական հիշողության, մշակութային ժառանգության և ինքնության շուրջ վեճերը չեն անհետանալու։ Խաղաղությունը շատ ավելի մեծ ու երկար աշխատանք է, քան պարզապես կրակոցների դադարեցումը, և այսպիսի պատմական ու մշակութային վեճերը միայն Հարավային Կովկասին բնորոշ չեն։ Վրաստանն ու Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ռազմավարական գործընկերներ են, ունեն խոշոր էներգետիկ և տրանսպորտային նախագծեր, սակայն մինչև հիմա չեն լուծել Դավիթ Գարեջայի վանական համալիրի շուրջ սահմանային և պատմական վեճը։ 2019-ին այնտեղ նույնիսկ վրացի հոգևորականների և ադրբեջանցի սահմանապահների միջև լարվածությունը չի մեղմվում։ Այդ հակասությունը չի վերացրել երկու պետությունների համագործակցությունը։ Հայաստանի և Վրաստանի միջև ևս տարիներ շարունակ շարունակվում են եկեղեցական ժառանգության վեճերը։ Վրաց ուղղափառ եկեղեցին հավակնություններ է ներկայացրել Լոռու և Տավուշի մի շարք վանքերի նկատմամբ, հայկական եկեղեցին իր հերթին բարձրացրել է Թբիլիսիի և Ախալցխայի հայկական եկեղեցիների սեփականության հարցերը։ Այդ խնդիրները գոյություն ունեն երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների կողքին և կառավարվում են առանց ռազմական հակամարտության։ Հենց սա է Հայաստանի համար կարևոր դասը։ Գանձասարի շուրջ յուրաքանչյուր ադրբեջանական հայտարարություն չպետք է վերածվի ազգային լալահառաչ հիստերիայի։ Իհարկե լռել էլ չի կարելի։ Պետք է ունենալ փաստաթղթավորված, գիտականորեն ամուր և միջազգային լեզվով ներկայացվող պատասխան՝ արձանագրություններով, ձեռագրերով, ճարտարապետական ուսումնասիրություններով, ժամանակակիցների վկայություններով, օտարերկրյա գիտնականների աշխատություններով։ Պատմությունը պաշտպանվում է ձեռագրերով, արխիվով, գիտությամբ և միջազգային ինստիտուտներում հետևողական աշխատանքով։ Ադրբեջանն այս պահին հենց այդ տարածքն է զբաղեցնում՝ իր պատմական քաղաքականությունը տեղափոխելով հասարակական կազմակերպություններից ակադեմիա և պետական հաղորդակցության համակարգ։ Հայաստանը նույնպես պետք է ինստիտուցիոնալ պատասխան ունենա։ Խաղաղության պայմանագիրը, երբ ստորագրվի, կարող է փակել ռազմական հակամարտության իրավական էջերից մեկը, բայց այն չի փակելու պատմության, հիշողության և ժառանգության շուրջ վեճերը։ Կովկասում պետությունները դեռ երկար վիճելու են եկեղեցիների, տեղանունների, ձեռագրերի, միջնադարյան իշխանների և պատմական սահմանների շուրջ։ Այդ վեճերը կառավարելի պահելը նույնպես խաղաղության քաղաքականություն է։ Գանձասարի շուրջ այսօր կատարվողը հենց այդ նոր իրականության առաջին լուրջ փորձություններից է։ Կրակը կարող է դադարել սահմանին։ Պատմության համար պայքարը դրանից հետո էլ շարունակվում է։



