Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է ESCRS 2026 միջազգային կոնգրեսին

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանի գրառումը․ Սեպտեմբերի 11-15-ը Լոնդոնի ExCeL ցուցահանդեսային կենտրոնում անցկացվել է Կատարակտային և ռեֆրակցիոն վիրաբույժների եվրոպական ընկերության 44-րդ՝ ESCRS 2026 միջազգային կոնգրեսը, որին մասնակցել են ավելի քան 15 հազար պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից։ Միջոցառմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել «Երևան բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, «Թիվ 4 առողջության կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արմինե Զոհրաբյանը և «Արաբկիր առողջության կենտրոն» ՓԲԸ տնօրեն Լենա Մելքոնյանը։ Կոնգրեսի գիտական և կառավարչական ծրագրերում ներկայացվել են ակնաբուժության ժամանակակից տեխնոլոգիաները, կատարակտային և ռեֆրակցիոն վիրաբուժության նորագույն մեթոդները, արհեստական բանականության կիրառման հնարավորությունները, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների կառավարման, առաջնորդության, թվային վերափոխման և շարունակական բարելավման միջազգային փորձը։ Առանցքային բանախոսների թվում էին LASIK մեթոդի հիմնադիր, աշխարհահռչակ պրոֆեսոր Իոաննիս Պալիկարիսը և Վիեննայի ակնաբուժական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Օլիվեր Ֆինդլը։ Կոնգրեսին զուգահեռ անցկացված ցուցահանդեսում իրենց նորագույն տեխնոլոգիաներն ու լուծումներն են ներկայացրել ոլորտի առաջատար ընկերությունները՝ Alcon, ZEISS, Johnson & Johnson, Bausch + Lomb, HOYA Surgical Optics, Topcon, Heidelberg Engineering և այլ համաշխարհային բրենդներ։ Մասնակցությունը հնարավորություն է տվել ոչ միայն ծանոթանալու ակնաբուժության նորագույն ձեռքբերումներին, այլև ուսումնասիրելու բուժհաստատությունների արդյունավետ կառավարման, պացիենտակենտրոն սպասարկման և ծառայությունների որակի վերահսկման միջազգային մոտեցումները։ Որպես առողջապահական կազմակերպությունների կառավարիչներ՝ պատվիրակության անդամները ձեռք են բերել գործնական գիտելիքներ աշխատանքային գործընթացների օպտիմալացման, պացիենտների սպասման ժամանակի կրճատման, բժշկական անձնակազմի արդյունավետ ներգրավման, նոր տեխնոլոգիաների ներդրման և կառավարչական որոշումների համար տվյալների կիրառման վերաբերյալ։ Ձեռք բերված փորձը նախատեսվում է կիրառել Երևանի ենթակայության առողջապահական կազմակերպություններում՝ բարձրացնելով մատուցվող ծառայությունների հասանելիությունն ու որակը, զարգացնելով ակնաբուժական և ախտորոշիչ ծառայությունները, կատարելագործելով պացիենտների սպասարկման գործընթացները և ներդնելով աշխատանքի արդյունավետության գնահատման ու շարունակական բարելավման ժամանակակից գործիքներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13706

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով