Սիրիայի Դեյր էզ Զորի նահանգում ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարարության 11 ծառայող։ Ինչպես տեղեկացնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը, սեպտեմբերի 18-ին պայթյուն է տեղի ունեցել Դեյր էզ Զորի արևմտյան հատվածում՝ Այաշ բնակավայրի մոտ գտնվող սիրիական բանակի օբյեկտում։ Սեպտեմբերի 19-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը կազմակերպել է զոհված 11 զինծառայողների հուղարկավորությունը։ Syrian Observatory for Human Rights-ի վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ևս 10 մարդ վիրավորվել է, կան նաև անհետ կորածների մասին տեղեկություններ։ Պաշտոնական մարմինները պայթյունի պատճառը դեռ չեն հայտնել։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։



